Անկարայում ցուցարարների դեմ գործողություններում ուղղաթիռներ են ներգրավվել

Սեպտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի ուսանողների և ոստիկանների միջև բախումն ավարտվել է վերջինների կողմից կոշտ գործողություններով: Ցուցարարները բողոքում են համալսարանի տարածքով ճանապարհի շինարարության դեմ, հաղորդում է Hürriyet Daily News-ը:

Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրաշիթ է կիրառել շուրջ 400 ցուցարարի դեմ: Տեղի ունեցածը հիշեցնում էր բախումները, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում սեպտեմբերի սկզբին ցույցերի ժամանակ:

Hürriyet-ի հաղորդմամբ՝ ոստիկանության գործողությունների ժամանակ օգտագործվել են նաև ուղղաթիռներ, որոնք լուսավորում էին համալսարանի տարածքը: Ըստ թուրքական պարբերականի՝ որոշ ուսանողներ դիմադրություն են ցույց տվել՝ քարեր նետելով:

Շուրջ 3 հազ. ծառի հատում նախատեսող ճանապարհի շինարարության դեմ Անկարայում սեպտեմբերի 6-ից բողոքի ակցիաներ են ընթանում: Թուրքական ոստիկանությունն այս ընթացքում անընդհատ դիմել է ցուցարարների դեմ կոշտ գործողությունների՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի տարածքը կանաչ կղզի էր դարձել վերջին տարիներին մերձակայքում շինարարական բումի ֆոնին:

Մեկնաբանել