Հայաստանյան եվրապարտատոմսերի եկամտաբերությունը բարձր չէ. փորձագետ

Bloomberg-ի նախկին վերլուծաբան, Capital Investments ընկերության ներդրումային խորհրդատու Գարի Մուրադյան:

Հաշվի առնելով Հայաստանի վարկանիշները, տեղաբաշխված $700 մլն ծավալով եվրապարտատոմսերի 6% եկամտաբերությունը բարձր չէ և լավ ցուցանիշ է, թեև դրանք համարվում են «ոչ ներդրումային մակարդակի»։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Bloomberg-ի նախկին վերլուծաբան, Capital Investments ընկերության ներդրումային խորհրդատու Գարի Մուրադյանը:

Ըստ Մուրադյանի՝ հաշվի առնելով Հայաստանի վարկանիշները (միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալությունը Հայաստանին շնորհել է թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշ՝ BB-, Moody’s-ը՝ Ba2, որոնք գործնականում գրեթե նույնն են), պարտատոմսերը համարվում են ոչ ներդրումային մակարդակի (non-investment grade), ինչն էլ իր արտացոլումն է գտել եկամտաբերության տոկոսադրույքում։ Բացի այդ, Հայաստանի պարտատոմսերի եկամտաբերությունը բավական մոտ է այն երկրների արժեթղթերի տոկոսադրույքին, որոնք ունեն նույն վարկանիշը։

Նշենք, որ պարտատոմսերի եկամտաբերությունը կախված է երկրի ռիսկերից, և զարգացած կապիտալի շուկա ու ներդրումային մակարդակի վարկանիշներ ունեցող երկրների համար թողարկվող պարտատոմսերի եկամտաբերությունը բնականաբար ավելի ցածր է։

Փորձագետը նշեց, որ Հայաստանը ճիշտ ժամանակ է ընտրել արտարժութային պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման համար, քանի որ գլոբալ տոկոսադրույքներն այժմ գտնվում են բավական ցածր մակարդակում։ Սա ԱՄՆ-ի և այլ զարգացած երկրների կողմից փողի քանակի ավելացման քաղաքականության արդյունք է։

«Հասկանալի է, որ գլոբալ տոկոսադրույքները նման ցածր մակարդակում՝ «հատակին», չեն կարող երկար մնալ և վաղ թե ուշ դրանք պետք է բարձրանան։ Եթե Հայաստանի կառավարությունը շարունակեր սպասել թողարկման համար էլ ավելի նպաստավոր ժամանակահատվածի, հավանաբար, կբախվեր ավելի բարձր տոկոսադրույքների հետ»,- նշեց Գարի Մուրադյանը։

Հացին, թե ինչի մասին է վկայում Հայաստանի պետական պարտատոմսերի ավելի քան $2 մլրդ-ի պահանջարկը, Մուրադյանը պարզաբանեց, որ հաշվի առնելով Հայաստանի ռիսկերը և պարտատոմսերի եկամտաբերությունը, արժեթղթերը ներդրողների համար գրավիչ են եղել։ Նման բարձր պահանջարկը նաև հնարավորություն է տվել իջեցնել եկամտաբերության մակարդակը մինչև 6%. մինչ այս խոսվում էր 6,25% եկամտաբերության մասին: