Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը Ռազմական ոստիկանությունում է

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գտնվելու վայրը սեպտեմբերի 19-ից` ժամը 21:00-ից հայտնի չէր: ՍիվիլՆեթի հետ զրույցում նրա ազատամարտիկ ընկերները հայտնեցին, որ նրա գտնվելու վայրի մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա, և ընտանիքի անդամները նույնպես տեղյակ չեն:

Քիչ առաջ ՍիվիլՆեթը ազատամարտիկի ընտանիքի անդամներից սակայն տեղեկացավ, որ նրանց զանգահարել են Ռազմական ոստիկանությունից և հայտնել, որ Վոլոդյա Ավետիսյանն իրենց մոտ է: Ոստիկանությունից խնդրել են ներկայացնել ազատամարտիկի անձնագիրը:

Վոլոդյա Ավետիսյանն առաջինն էր, որ այս տարվա մայիսին նստացույց հայտարարեց` բարձրաձայնելով ազատամարտիկներին մտահոգող սոցիալական խնդիրների մասին: Ներկայում նրա գլխավորությամբ ազատամարտիկները նստացույցեր են անում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում: Ազատամարտիկների պահանջների թվում են` կոմունալ վարձերի համար զեղչեր, երեխաների ուսման վարձերի կրճատում, բուժօգնության տրամադրում և այլն:

Մեկնաբանել