Աշխատանքի տոնավաճառ` Հյուսիսային պողոտայում

Հյուսիսային պողոտայում սեպտեմբերի 20-ին` ժամը 11:00-16:00-ը, գործում է աշխատանքի տոնավաճառ: Կազմակերպիչը «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն է` ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

«Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ Արտակ Մանդասարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ տոնավաճառում առաջարկվում է շուրջ 300 աշխատատեղ, և կան նաև կանխատեսվող աշխատատեղեր:

«Տարեկան Հայաստանում իրականացվում է 11 աշխատանքի տոնավաճառ` պետական բյուջեի ֆինանսավորմամբ»,- ասաց Մանդասարյանը:

Խոսելով այցելուների ակտիվության մասին` նա նշեց, որ անձրևոտ եղանակը խոչընդոտել է մարդկանց ավելի մեծ հոսքը, սակայն հույս հայտնեց, որ մասնակիցների թիվը դեռ կավելանա:

Աշխատանքի այս տոնավաճառն ընթացիկ տարում Հայաստանում կազմակերպված 9-րդ տոնավաճառն է, և 2-րդը` Երևանում:

Մանդասարյանը տեղեկացրեց, որ նախագիծը լինելու է շարունակական. հաջորդը կրկին կլինի Երևանում, այս անգամ` տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությունների մասով:

Մեկնաբանել