Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դպրոցները փակման շեմին են. զեկույց

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դպրոցներում աշակերտների պակասը կարող է հանգեցնել ուսումնական այդ հաստատությունների փակմանը՝ համաձայն Թուրքիայի Պատմության հիմնադրամի՝ սեպտմեբերի 19-ին հրապարակված զեկույցի, գրել է worldbulletin.net կայքը:

Ըստ զեկույցի՝ Թուրքիայում փոքրամասնությունների թվի նվազումը, նրանց ներկայացուցիչների ցանկությունը սովորել ոչ փոքրամասնությունների համար նախատեսված դպրոցներում և այդ ուսանողների համար դպրոցներ ընդունվելու հարցում պետության սահմանած սահամանփակումները հանգեցրել են նրան, որ բազմաթիվ հաստատություններ փակվել են: 

«Այս խոչընդոտները հաղթահարած հայկական և հրեական դպրոցներում աշակերտների թիվը բավական կայուն է, մինչդեռ Թուրքիայի հունական դպրոցներն այսօր առերեսվել են աշակերտների պակաս ունենալու խնդրին», – ասված է փաստաթղթոմ:

Զեկույցի տվյալներով՝ 2012-2013 ուստարում հայկական դպրոցներ է հաճախել 3,137 աշակերտ, որոնց թվում՝ 67 Հայաստանի քաղաքացի: Հունական դպրոցներն ունեցել են 230, իսկ հրեականները՝ 688 աշակերտ: 

«Այս դպրոցներ հաճախող աշակերտների թիվը կարող է ավելանալ, իսկ դպրոցները՝ փրկվել փակումից, եթե Թուրքիայի քաղաքացիություն չունեցողներին կամ նրանց, ովքեր չեն պատկանում ազգային նույն փոքրամասնությանը, թույլատրվի ընդունվել այս դպրոցներ»: 

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Թուրքիայում փոքրամասնությունների դպրոցների հիմնական խնդիրը դրանց ոչ հստակ կարգավիճակն է. դպրոցները պաշտոնապես համարվում են ո՛չ մասնավոր, ո՛չ էլ՝ օտարերկրյա: Այդուհանդերձ՝ փոքրամասնությունների դպրոցները հանրության կողմից ընկալվում են որպես մասնավոր և օտարերկրյա, ուստի դրանց գործունեությունը կարգավորվում է մասնավոր դպրոցներին վերաբերող օրենսդրությամբ: Հետևաբար ուսումնական այս հաստատությունները ենթարկվում են այն կանոնին, համաձայն որի՝ աշակերտների թիվը չի կարող գերազանցել կրթության նախարարության սահմանած քվոտան: Այստեղից էլ ծագում են ֆինանսական մեծ խնդիրներ, որոնց պատճառով փոքրամասնությունների դպրոցները չեն կարող գոյատևել միայն սեփական բյուջեով:

Զեկույցն առաջարկում է մշակել առանձին օրենք, որը կկարգավորի փոքրամասնությունների դպրոցների գործունեությունը:

«Այս դպրոցների խնդիրների մշտական լուծում գտնելու համար առաջարկվում է օրենքը մշակել երկխոսության և դպրոցների ներկայացուցիչներին այս գործընթացում ներգրավելու ճանապարհով», – ասված է զեկույցում:

Մեկ այլ խնդիր, որին առերեսվում են այսօր փոքրամասնությունների դպրոցները, փոխադարձության սկզբունքն է, օրինակ՝ եթե Թուրքիայում հունական դպրոցը ցանկանում է վարձել ազգությամբ հույն ուսուցչի, թուրքական կառավարությունը հույներից պահանջում է Հունաստանում դասավանդելու համար վարձել ազգությամբ թուրք ուսուցչի:

«Այս սկզբունքը փոքրամասնություններին հավասարեցնում է օտարերկրացիների հետ, ինչը վիրավորական է նրանց համար և ստիպում լուծել բյուրոկրատական բազմաթիվ հարցեր», – գրել են զեկույցի հեղինակները՝ առաջարկելով փոքրամասնությունների համար օրենք մշակելիս հրաժարվել այդ սկզբունքից: