Պահանջարկի կրճատումը նվազեցրել է ներդրումները

Չնայած կրճատվող ներքին պահանջարկին, հայաստանյան ընկերությունները շարունակում են ընդլայնել արտադրությունը։

Գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշների հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկի կողմից հարցված 1399 կազմակերպություններից 2013թ. երկրորդ եռամսյակում ներդրում է կատարել 22,3%-ը. սա այն դեպքում, երբ առաջին եռամսյակում ներդրումներ անելու պատրաստակամություն էր հայտնել դրանց 27,9%-ը։ Երրորդ եռամսյակում ներդրումներ կատարել պատրաստ է ԿԲ կողմից հարցված կազմակերպությունների 23,7%-ը։

Իրականում ներդրումներ կատարած և առաջիկայում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած կազմակերպությունների թիվը խոսում է այն մասին, որ ընկերությունները հակված չեն ընդլայնվելու։ Սա, ամենայն հավանականությամբ պայմանավորված է ներքին պահանջարկի կրճատումով։ Հարցված կազմակերպություններն արդեն երկրորդ տարին անընդմեջ որպես ընդլայնմանը խոչընդոտ նշում են ներքին պահանջարկի կրճատումը։

Ակնկալվածից քիչ ներդրումներ կատարելու երկրորդ պատճառը ֆինանսական խնդիրներն են, մասնավորապես՝ վարկային ռեսուրսների պակասը։ Առաջին եռամսյակում ընկերություններին, բացի նվազող պահանջարկից, հուզում էր ներքին արտադրողների մրցակցության խնդիրը։

Ուշագրավ է, որ թեև ընկերությունները վարկային ռեսուրսների պակասը դիտարկել են որպես երկրորդ կարևոր խոչընդոտ, երրորդ եռամսյակում ներդրումների ֆինանսավորման համար որպես հիմնական աղբյուր նշել են տեղական բանկերից և վարկային կազմակերպություններից ներգրավվելիք միջոցները (49%): Ծառայությունների ոլորտում ֆինանսավորման հիմնական աղբյուր շարունակելու է ծառայել շահույթը (48%)։

Չնայած երկրորդ տարին անընդմեջ ներքին պահանջարկի կրճատումը հայաստանյան ընկերությունները համարում են բիզնեսին խոչընդոտող թիվ մեկ խնդիրը, հարցված կազմակերպությունների 42%-ը պատրաստվում է երրորդ եռամսյակում միջոցներն ուղղել մեքենաների և սարքավորումների ձեռքբերմանը։ Պարզ ասած՝ կազմակերպությունները պատրաստում են ընդլայնել արտադրությունն ու թողարկման ծավալները, վստահ չլինելով, թե կկարողանան արդյոք սպառել արտադրանքը։

Մեկնաբանել