Թուրքիան չի ցանկանում պատերազմ Սիրիայում. Գյուլ

Մինչ Սիրիան պատրաստվում է ոչնչացնել իր քիմիական զենքը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան պատերազմ չի ուզում, այլ ձգտում է Սիրիայում արյունահեղության անհապաղ դադարեցմանը, հաղորդում է Haberler կայքը: 

«Թուրքիան պատերազմ չի ուզում, այլ ձգտում է Սիրիայում արյունահեղության դադարեցմանը», – ասել է նախագահը լրագրողներին ԱՄՆ մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանին: 

Գյուլի այս հայտարարությունը հետևել է Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլի՝ Guardian-ի հետ զրույցին, որի ընթացքում նա ասել է. «Սիրիայում քաղաքացիական պատերազմը փակուղի է մտել: Կառավարությունը կրակի դադարեցման կոչ կանի այն դեպքում, եթե Ժնևում սկսվեն խաղաղ բանակցություններ»: 

Գյուլը մեկնել է Նյու Յորք արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի, Ընտանեկան և սոցիալական քաղաքականության հարցերի նախարար Ֆաթմա Շահինի և Զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազի ուղեկցությամբ: 

Գյուլը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ Նյու Յորքում հանդիպումներ է ունենալու իրանցի և ֆրանսիացի իր գործընկերների հետ: