Տնտեսական ակտիվությունը դանդաղել է մինչև 3,8%

Օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 9,3%, նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձերն աճել են ընդամենը 3,7%-ով։

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները. 2013թ. օգոստոս» հրապարակման՝ այս տարվա հունվար-օգոստոսին 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 6,2% աճ, գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է 7,1%։ Ծառայության ոլորտի աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3,2%, առևտրի ծավալներն աճել են 2,5%։

Բացասական միտումները պահպանվել են շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում։ Հաշվետու ժամանակահատվածում շինոլորտում արձանագրվել է 8,5% անկում, էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 4,5%-ով։

ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին արտաքին առևտրի ծավալներն աճել են 2,8%-ով՝ կազմելով $3,7 մլրդ։ Արտաքին առևտրի աճը գրեթե ամբողջովին ապահովել է արտահանման ավելացումը 6,9%-ով (արտահանումը կազմել է $952 մլն)։ Ներկրման ծավալներն աճել են ընդամենը 0,8%-ով՝ կազմելով $2,7 մլրդ։

Ըստ ԱՎԾ վիճակագրական տվյալների՝ օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 9,3%, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձերն աճել են 3,7%-ով (ամսական միջին աշխատավարձի չափը կազմել է Դ145,8 հազ.)։ Ոչ պետական համակարգում միջին ամսական աշխատավարձերն ավելացել են 6,1%-ով՝ կազմելով Դ179,7 հազ, պետական համակարգում՝ 2,8%-ով՝ մինչև Դ116 հազ.։

Գնաճի և միջին աշխատավարձի աճի ցուցանիշներից պարզ երևում է, որ այս տարվա ութ ամիսներին տեղի է ունեցել բնակչության գնողունակության նվազում։ Նման պայմաններում տարօրինակ է առևտրի շրջանառության ծավալների ու ծառայությունների ոլորտում աճը։

ԱՎԾ-ի հրապարակված ցուցանիշներից երևում է, որ կառավարությունը չի կարողանալու ապահովել ոչ միայն նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը՝ ընթացիկ տարում ապահովել 7% տնտեսական աճ, այլև բյուջեի հիմքում դրված 6,2% ցուցանիշը։

Արժույթի միջազգային հիմնադրամը 2013թ. համար արդեն վերանայել է Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը՝ այն նվազեցնելով մինչև 4%։