Վենեսուելային ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում չեն սպասում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացված 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցել պատրաստվող վենեսուելական պատվիրակության անդամներին մերժել են ամերիկյան այցագրերի տրամադրման հարցում։ Այս մասին, ինչպես հաղորդում է AFP-ն, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

Մադուրոյի խոսքով՝ ամերիկյան այցագիր չստացած պաշտոնատար անձանց թվում է Վիլմեր Բարենտոսը՝ Վենեսուելայի նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Այլ մանրամասներ Վենեսուելայի նախագահը չի հաղորդել։ Մադուրոն նաև չի հստակեցրել՝ պատրաստվում է արդյոք անձամբ այցելել Նյու Յորք և մասնակցել Գլխավոր ասաբլեայի աշխատանքներին։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 19-ին , Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հրաժարվել է իր օդային տարածք թողնել պաշտոնական այցով Չինաստան մեկնող Նիկոլաս Մադուրոյի ինքնաթիռը։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք առայժմ չեն մեկնաբանել ո՛չ վենեսուելական պատվիրակությանը այցագրեր տրամադրելուց հրաժարվելու, ո՛չ նախագահ Մադուրոյի ինքնաթիռի համար օդային տարածքը փակելու մասին հայտարարությունը։

Վենեսուելայի և ԱՄՆ-ի հարաբերությունները վատթարացան Վենեսուելայում 1999թ․ Ուգո Չավեսի իշխանության գալուց հետո։ Վերջինս քննադատում էր ամերիկյան քաղաքականությունը և մեղադրում էր ԱՄՆ-ի իշխանություններին իր դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։ Վենեսուելայի նախագահի պաշտոնը 2013թ․ գարնանը զբաղեցրած Մադուրոն ԱՄՆ-ի նկատմամբ իրականացնում է նույնպիսի քաղաքականություն, ինչ նրա իրավանախորդը։