Վոլոդյա Ավետիսյանը ՄԻՊ աշխատակիցների հետ զրույցում որևէ բողոք չի ներկայացրել

Մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցը և Արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը քիչ առաջ այցելել են ձերբակալվածների պահման վայրում գտնվող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:

Ինչպես հաղորդում են ՄԻՊ մամուլի ծառայությունից, Ավետիսյանի հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում վերջինս որևէ բողոք չի ներկայացրել, նշել է, որ ձերբակալումը կապ չունի իր՝ վերջին շրջանում ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ և հավաստիացրել է, որ իր նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել:

Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ձերբակալման արձանագրությանը, մնացած փաստաթղթերին՝ փաստելով դրանց իրավաչափությունը: Միաժամանակ` Վ. Ավետիսյանին պարզաբանել են, որ իր իրավունքները և առաջարկել են անհրաժեշտության դեպքում դիմել Պաշտպանի աշխատակազմ:

Նշենք, որ ազատամարտիկի գտնվելու վայրը սեպտեմբերի 19-ից` ժամը 21:00-ից հայտնի չէր, միայն սեպտեմբերի 20-ի առավոտյան նրա ընտանիքի անդամներին զանգահարել էին Ռազմական ոստիկանությունից և հայտնել, որ Վոլոդյա Ավետիսյանն իրենց մոտ է: Ոստիկանությունից խնդրել են ներկայացնել ազատամարտիկի անձնագիրը:

ՊՆ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում հայտնում էր, որ Ավետիսյանը ձերբակալվել էր ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (խարդախություն՝ խոշոր չափերով):

Մեկնաբանել