Եվրաբոնդերի թողարկումը դիվերսիֆիկացնում է ֆինանսական աղբյուրները. ֆինանսների նախարար

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը գոհ է եվրապարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներից։

«Միջազգային փորձագետները բարձր են գնահատել առաջին սուվերեն եվրապարտատոմսերի տեղաբաշխման արդյունքները, և Հայաստանի մուտքը միջազգային կապիտալի շուկա համարում են հաջողված»,- հայաստանյան եվրապարտատոմսերի առաջին թողարկումը մեկնաբանել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Այս մասին ասվում է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, սեպտեմբերի 19-ին Deutsche Bank AG-ը, HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են Հայաստանի եվրապարտատոմսերի առաջին տեղաբաշխումը: Թողարկման ծավալը կազմել է $700 մլն, մարման ժամկետը՝ 7 տարի, տոկոսադրույքը՝ 6%: Հայաստանի վարկանիշը Moody’s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն:

«Հայաստանը կարողացավ օգտագործել ԱՄՆ Բաց շուկաների դաշնային կոմիտեի (FOMC) հայտարարությունից հետո շուկայում ստեղծված հնարավորությունը»,- նշել է ֆինանսների նախարարը: Նրա գնահատմամբ՝ այս թողարկումը դիվերսիֆիկացնում է երկրի ֆինանսական աղբյուրները և ստեղծում ուղենիշ, որը կարող են հետագայում օգտագործել հանրապետության մասնավոր հատվածի թողարկողները:

Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է $3 մլրդ-ի սահմանը, նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել