Դատարանը մերժեց Նավալնիին

Մոսկվայի քաղաքային դատարանը սեպտեմբերի 20-ին հրաժարվել է չեղյալ հայտարարել Մոսկվայի քաղաքապետի՝ սեպտեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքները՝ համաձայն երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու, հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հայցի։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Համապատասխան հայցը Նավալնին ներկայացրել էր սեպտեմբերի 12-ին։ Բացի Մոսկվայի քաղաքային դատարան հայցից՝ նա 951 դիմում է ներկայացրել Մոսկվայի շրջանային դատարաններ։

Նավալնին բողոքել է բազմաթիվ խախտումներից, որոնք, նրա կարծիքով, թույլ չեն տվել հաստատել ընտրողների իրական կամարտահայտումը։

Խոսքը, մասնավորապես, մթերքներ բաժանելու միջոցով ընտրողների ձայները գնելու, մոսկովյան և դաշնային լրատվամիջոցների՝ Սերգեյ Սոբյանինի (որն ընտրարշավի ժամանակ Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր) գործունեության անհամաչափ ակտիվ և կոմպլեմենտար լուսաբանման, ինչպես նաև տանը քվեարկածների անսովոր մեծ տոկոսի (զուգորդված ընտրողների այդ հատվածի շրջանում Սոբյանինի օգտին տրված ձայների կասկածելի մեծ մասնաբաժնով) մասին է։

Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը դատական նիստին ասել է, որ ընտրությունների նախաշեմին թոշակառուներին և հաշմանդամություն ունեցողներին մթերքի զամբյուղներ բաժանելը թեկնածու Սոբյանինի կողմից ընտրողների կաշառում չի համարում։

Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի իրավաբանի խոսքով՝ մթերքների զամբյուղները բաժանվել են Քաղաքի օրվան, իսկ դրանով զբաղվել են շրջանային վարչությունները, որոնք նրա կարծիքով՝ կապ չունեն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար թեկնածու Սոբյանինի և նրա շտաբի հետ։

«Չի կարելի ասել, թե դա նպատակաուղղված նվիրված է եղել քվեարկությանը»,- ասել է իրավաբանը։

Սերգեյ Սոբյանինի ներկայացուցիչ Անդրեյ Պարամոնովը դատական նիստին ասել է, որ Սոբյանինի շտաբը կապ չի ունեցել զամբյուղների բաժանման հետ, և որ այդպիսի զամբյուղները Մոսկվայի իշխանությունները տոների ժամանակ արդեն շատ տարիներ է, ինչ բաժանում են։

Պարամոնովի խոսքով՝ այս անգամ զամբյուղներն արժեցել են 400-500 ռուբլի, իսկ դրանք ստացել է 2,4 մլն մարդ։ Ծախսերը, այդպիսով, կազմել են մոտ 1 մլրդ ռուբլի։ Նավալնին վստահեցնում է, որ զամբյուղները Մոսկվայի բյուջեին արժեցել են մոտ 2 մլրդ ռուբլի։

Մոսկվայի քաղաքային դատարանի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը հաստատել է «Վեչերնյայա Մոսկվա» թերթի՝ Սոբյանինի օգտին անօրինական քարոզարշավ իրականացնելու փաստը, և որ այդ փաստով սկսվել է քննություն, որը կավարտվի դատարանում։ Սակայն միաժամանակ հանձնաժողովը վստահեցնում է, որ թերթի խմբագրությունը միանգամայն ինքնուրույն է որոշել հրապարակել Սոբյանինի վերաբերյալ նյութերը։

Սեպտեմբերի 20-ի նիստին հրապարակվել է որոշման միայն եզրափակիչ մասը։ Փաստարկումների մասը պատրաստ կլինի հինգ օրից։

Նավալնիի ներկայացուցիչ Նիկոլայ Կուզնեցովը տեղեկացրել է, որ դատարանի որոշումը բողոքարկվելու է։

Հիշեցնենք, որ համաձայն պաշտոնական արդյունքների` Սերգեյ Սոբյանինը ստացել է ընտրողների ձայների 51,37%-ը, իսկ Ալեքսեյ Նավալնին` 27,24%-ը։

Մեկնաբանել