Թուրքիայից եւ Ադրբեջանից սննդամթերքի ներկրումն արգելելը գյուղնախարարի իրավասության մեջ չի մտնում. պարզաբանում

Գյուղատնտեսության նախարարի 2009 թ.  սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվել էր թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի և մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Ինչպես հաղորդում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից, սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, չնայած արգելքին, հիշյալ ծագում ունեցող մթերքների և հումքի ներմուծումը չէր դադարել, ավելին՝ ուղեկցող փաստաթղթերի կեղծման և այլ մեքենայությունների պատճառ դարձել։ Վերոնշյալ հրամանն արձակվել է որպես անհատական իրավական ակտ,  հետևաբար որևէ իրավական հետևանք չի կարող առաջացնել։

Հայաստանը և Թուրքիան անդամակցում են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որի շրջանակում անդամ պետությունն այլ պետության նկատմամբ որևէ առևտրային սահմանափակում չի կարող կիրառել։  Ուստի նման սահմանափակում չի կարող սահմանվել նախարարի հրամանով, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները կարող են սահմանվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով։

Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների ներմուծման գործընթացների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Այդ կառույցն ունի համապատասխան ներուժ և ռեսուրսներ իր իրավասության սահմաններում վերահսկողություն իրականացնելու սննդամթերքի անվտանգության նկատմամբ ներկայացվող բոլոր ցուցանիշներով: Ներմուծվող սննդամթերքի վտանգների կանխման և նվազեցման, ինչպես նաև սահմանային անցման կետերում հսկողության համապատասխան տեսակի ընտրության նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ներդրել է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը:  Այն թույլ է տալիս սահմանային վերահսկողություն իրականացնել՝ համաձայն ռիսկայնությունը որոշող չափանիշների և ռիսկերի վերահսկողական համակարգի մեթոդաբանության:

Հայաստանի Հանրապետությունում առկա են անհրաժեշտ գործիքակազմն ու լծակները, որոնց կիրառման դեպքում հանրությունը հնարավորություն կունենա տեղեկանալ հիշյալ երկրների ծագում ունեցող մթերքների ներմուծման գործընթացին։