Քաղաքապետը սոցիալապես անապահով 2 ընտանիքների նոր բնակարաններ է հանձնել

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հույսի Ավան թաղամաս: Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում քաղաքապետը նոր բնակարնների բանալիներ է հանձնել սոցիալապես անապահով երկու ընտանիքների: Դավթաշենի 10-րդ փողոցի գերեզմանատան մուտքի մոտ գտնվող տնակում ապրող Հակոբ Դալլաքյանի և Դավթաշենի 4-րդ թաղամասի 1 ա հանրակացարանային շենքում վարձակալությամբ ապրող Գեորգի Կոջամանյանի ընտանիքներն այսուհետ կբնակվեն Հույսի Ավան թաղամասի նոր ու հարմարավետ առանձնատներում:

Շնորհավորելով նրանց նոր բնակարններ ստանալու կապակցությամբ, Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանին՝ մարդասիրական գործունեության ու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացման համար. «Մենք ուսումնասիրել էինք այդ երկու ընտանիքների պայմանները և բարերարի հետ միասին փորձեցինք աջակցել նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեին: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանին, որ ստեղծեցին այս թաղամասը և Երևան քաղաքի սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքները, որոնք չունեին բնակարաններ, հնարավորություն ստացան ապրել հարմարավետ բնակարաններում»,- նշել է քաղաքապետը:

Հույսի Ավանում այսօր արդեն շուրջ 79 ընտանիքներ են բնակվում: Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում աջակցելու է սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական այս ծրագրի շարունակականության ապահովման հարցում. «Մենք հույս ունենք որոշակի ժամանակ հետո այստեղ ապրող ընտանիքների թիվը հասցնել մինչև 200-ի: Քաղաքապետարանը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել ծրագրին աջակցելու հարցում և վստահեցնում եմ, որ մեր լիազորությունների շրջանակում մենք շարունակելու ենք սատարել»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ծրագրին աջակցելու համար, նկատել է, որ այսօրը ինչ-որ առումով նաև խորհրդանշական է, քանզի դեռևս 2001թ-ին, երբ մայրաքաղաքում առաջին անգամ մեկնարեց այս ծրագիրը, թաղամասի առաջին բնակիչներին բանալիները հանձնել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Մեկնաբանել