Բիլ Քլինթոնը ԿՀՎ-ի շուրջ 300 փաստաթուղթ կհրապարակի բոսնիական պատերազմի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հոկտեմբերին առաջին անգամ կհրապարակի Կենտրոնական հետախուզական վարչության(ԿՀՎ) մի շարք փաստաթղթեր 1992-1995թթ. Բոսնիայի և Հերցեգովինայի պատերազմի մասին, որոնցից հանվել է «գաղտնիության» դրոշմը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին գրել են բոսնիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրներին:

Ակնկալվում է, որ նախկին նախագահը կհրապարակի ԿՀՎ-ի շուրջ 300 փաստաթուղթ, որոնք մինչև վերջին ժամանակներս հասանելի են եղել սահմանափակ թվով մարդկանց: Շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ Քլինթոնի հիմնադրամում:

Կքննարկվեն 1990-ական թթ. Բալկանների պատերազմը, բարձրաստիճան պաշտոնյաներին տեղեկատվություն տրամադրելու գործում հետախուզական ծառայությունների դերը, Քլինթոնի վարչակազմի քայլերը՝ հակամարտության կարգավորման նպատակով: