Կստեղծվի աշխատանքային խումբ՝ Երևանի և Լոս Անջելեսի միջև համագործակցության ակտիվացման համար

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ժողովի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների պատվիրակության հետ, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Շնորհակալություն հայտնելով ընդգրկուն պատվիրակությամբ այցելության համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերին ներկայացրել է Երևանի զարգացման հարցում իր մոտեցումները, ինչպես նաև քաղաքային տնտեսության ներդրումային ոլորտների ներուժն ու առաջարկել է քայլեր ձեռնարկել դեռևս 2007 թ. Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ակտիվացման ուղղությամբ։

«Երևանի և Լոս Անջելեսի միջև մենք ակնկալում ենք համագործակցություն բազմաթիվ ոլորտներում՝ մշակութային, կրթական, և առհասարակ՝ քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ուղղություններով, ինչու չէ՝ նաև ներդրումային համագործակցություն։ Երևանի քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև մեծ է համագործակցությունը և արդյունքները տեսանելի են։ Կարծում եմ, Լոս Անջելեսում մեծաքանակ հայ համայնքի առկայությունը էլ ավելի կնպաստի մեր երկու քաղաքների միջև արդյունավետ և փոխշահավետ համագործակցության կայացմանը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երևանի քաղաքապետն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որն անընդհատ կապ կապահովի համագործակցության ակտիվացման համար։

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ներկայացնող Փոլ Քըրքորյանը ողջունել է աշխատանքային խումբ ստեղծելու՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը, որն ուղղված կլինի համագործակցության տեսանելի քայլեր կատարելուն և հավելել, որ քաղաքային տնտեսության ոլորտին առնչվող գործակցությունից բացի համագործակցության հեռանկար են տեսնում նաև բարձրագույն տեխնոլոգիաների երևանյան միջավայրի հետ, ինչպես նաև երկու քաղաքների համալսարանների միջև։

«Մենք ևս ձգտում ենք ակտիվացնել Լոս Անջելեսի և Երևանի միջև ստորագրված համաձայնագիրը։ Հույս ունենք, որ այս այցը կնպաստի հարաբերությունների առավել մտերմացմանը, լավ խթան կլինի նաև երկու քաղաքների միջև բիզնես համագործակցության սերտացման համար։ Թույլ տվեք հաղորդել Ձեզ Լոս Անջելեսի քաղաքապետ պարոն Էրիկ Գարսետտիի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև հայտնել Երևան այցելելու նրա մտադրության մասին։ Կարծում եմ, մինչ ձեր հանդիպումը մենք համագործակցությանն ուղղված զգալի քայլեր կատարած կլինենք»,- նշել է Փոլ Քըրքորյանը։