Եվ ուրիշ ոչինչ…

«Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հոդված է հրապարակել Hetq.am-ում` նվիրված ՀՀ անկախության տոնին: Այն ներկայացված է ստորև:

Ի՞նչ հասցրեցինք անել մեր անկախության հետ պատերազմում հաղթանակ տանելուց հետո: Նրան հագցրեցինք ցնցոտիներ և դեմ տվեցինք աշխարհին:

Անկախության բոլոր տարիների ամենաաղքատ շրջանը թևակոխեցինք: Երբեք այսչափ աղքատներ չեն եղել Հայաստանում: Իշխանավորները խանդավառ են դրանից: Խանդավառ են, որովհետև իրենք բոլորը միլիոնատերեր են, և իշխանության յուրաքանչյուր օր իրենց կարողությունների ավելացում է նշանակում:

Նրանք տոնում են այսօր, բայց դա անկախության տոն չէ: Նրանք այդպես շաբաթը մեկ հավաքվում են: Նրանց հարսանիքները, ծնունդները միավորում է բոլորին. «թունդ ընդդիմադիրը» և «թունդ անկախականը» հայտնվում են Հանրապետականի ճոճքի մեջ, ու արդեն տոն է նրանց համար:

Դեռևս 1992-ին մի բարձրաստիճան պաշտոնյայի, ում ղեկավարությամբ աշխատում էի, առաջարկեցի մի քանի քայլեր՝ շահումյանցիների՝ Ղարաբաղից տեղափոխվելը կանխելու համար: Նա ինձ բառացի ասաց հետևյալը. «Հայաստանում չես գտնի 10 ազնիվ մարդ քո նշած քայլերը կատարելու համար»: Շեշտում եմ, 1992թ. էր: Աչքերս զարմացած չռվել էին, որովհետև իմ շրջապատում չկար որևէ անազնիվ մարդ: Ես ընդամենը հարցրի՝ այդ դեպքում ինչու ես ղեկավարում այս կառույցը, եթե այդքան մարդ չունես քո շրջապատում:

Այս խոսակցությունն ինձ համար փորձաքար դարձավ, ես այդ ժամանակից որևէ պետական, քաղաքական գործչի ասածներին այլևս չեմ հավատում:

Եվ սրան զուգահեռ մի բան հասկացա՝ իշխանությունն իրականում երբեք չի փոխվում: Իշխանավորները «ստեղծված» են ժողովրդի հաշվին ապրելու համար. նրանց գործողությունները միշտ պետք է հսկել, նրանց քայլերը միայն ուղղված են լինում սեփական կարողությունն ավելացնելուն:

Հիմա էլ նույն կարծիքին եմ: Դուք կարող եք պատկերացնել, թե ինչու պաշտոններից վաղուց հեռացածները շարունակում են նույն ձևով ապրել, ունենալ նույն թանկարժեք մեքենաները, հանգստանալ թանկարժեք ծովափերին և այլն: Նրանց համար կա մի արժեք՝ փողը: Եվ նրանք իրենց ունեցած փողով էլ գնում են ամեն ինչ` կահույք, տուն, դղյակ, կուսակցություն, մարդ…

Բայց ինչքան էլ իրենք թավալգլոր լինեն զեխության մեջ, իրենք ու իրենց փողն այս տոնի հետ չեն կարող որևէ առնչություն ունենալ: Անկախության այս տոնը մերն է: Անկախության տոնի մասին գրելիս իմացա, որ ձերբակալել են Լեոնիդ Ազգալդյանի լավագույն զինվորներից մեկին. իբր նա խարդախություն է արել: Ես վստահ եմ՝ այդ խարդախության հոդվածը նրան «կպցողներին» այդպիսի իրական տասնյակ հոդվածներով կարելի է մեղադրանք ներկայացնել, բայց սա այնքան էլ էական չէ: Մի բան է հաստատ. վաղը եթե պատերազմ լինի, մարտի դաշտում է լինելու Վոլոդյա Ավետիսյանի որդին, ինչպես Վոլոդյան՝ 1992-ին: Ոչ զինդատախազ Գևորգ Կոստանյանն է երևալու տեսադաշտում, ոչ այդ քննիչներից շատերը, և ոչ էլ այս «գիտելիքահեն» պաշտոնյաներից որևէ մեկը: Նրանք իրենց փողերով մոսկվաներում, փարիզներում, գլենդեյլներում են լինելու:

Այնքան կուզեի այսօր բոլոր հայերը կարդային Չարենցի «Երկիր Նաիրիի» գոնե առաջաբանը, գոնե այս տողերը.

Գուցե ճիշտ է որ՝ միրաժ է Նաիրին. ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն – կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով: Եվ ուրիշ – ոչինչ: Ոչ մի «Երկիր Նաիրի» – այլ միայն – մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան…

Էդիկ Բաղդասարյան

Մեկնաբանել