Մեր երազանքների երկիրն ունենալու համար դեռ անելիքներ ունենք. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ։

22 տարի առաջ այս օրը հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման սկիզբ դրվեց, և մեր ժողովուրդը ձեռնամուխ եղավ սեփական պետության կայացման, ամրապնդման, հզորացման ու զարգացման գործընթացին: Հաղթահարելով անկախության կայացման առաջին տարիների դժվարությունները՝ մենք այսօր վստահորեն կանգնած ենք ժողովրդավարությունը որպես զարգացման ուղի ընտրած և դրանով առաջնորդվող աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում։ Մեր երազանքների երկիրն ունենալու համար, սակայն, դեռ անելիքներ ունենք, ունենք բոլորս ու մեզանից յուրաքանչյուրը, քանզի հզոր ու բարեկեցիկ երկիր ունենալը բոլորիս ցանկությունն է: Մեր ժողովուրդն իր դարավոր պատմությամբ ապացուցել է, որ ընդունակ է հաղթահարելու ցանկացած դժվարություն, և ես համոզված եմ, որ ի վերջո մենք ունենալու ենք մեր երազած հզոր, նաև բարեկեցիկ հայրենիքը:

Շնորհավորելով մեր երկրի թերևս ամենակարևոր տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ` բոլորիս խաղաղություն ու ստեղծագործ աշխատանք եմ մաղթում՝ հանուն մեր երկրի ու մեր սերունդների անհոգ ապագայի»:

Մեկնաբանել