Անկախության ամենամեծ ձեռքբերումը «Լեզվի մասին» օրենքն է

«Հիմա մենք կանգնած ենք մի այնպիսի վիճակի առաջ, որ վերապահումով ասում ենք՝ շնորհավոր անկախության օրը: Այդպես պետք է չլիներ»,- ասում է Լուսինե Հովհաննիսյանը:

Հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթին պատմում է անկախության ձեռքբերումների ու կորուստների մասին:

-Անկախանալով՝ մենք ի՞նչ կարևոր ձեռքբերումներ ունեցանք անցած 22 տարիներին:

– Ես շնորհավորում եմ բոլորին, որովհետև այդ բառը՝ անկախություն, ամեն դեպքում շատ արժանապատիվ բառ է, և պետք է շնորհավորենք իրար, թեև ձեռքբերումների մասին չեմ պատկերացնում, որ երկար կարող ենք խոսել: Ամեն անգամ, երբ ինքս ինձ համար մտածում եմ այդ ձեռքբերումների մասին, գալիս եմ այն եզրահանգման, որ ամենամեծ ձեռքբերումը «Լեզվի մասին» օրենքն է, որն ընդունվեց, կարծեմ՝ 1993թ.: Դրանով շատ լուրջ քայլ արվեց, երևի թե միակ շոշափելի քայլն էր: Եվ մյուսը՝ մեր հաղթանակը Ղարաբաղի պատերազմում, որը ես դեռ չեմ կարծում, որ ավարտված է, և դրա համար դեռ մի տեսակ անհանգստություն կա: Իսկ «Լեզվի մասին» օրենքը իսկապես գործեց և ունեցավ շատ մեծ արդյունք այն առումով, որ ռուսախոս ընտանիքների երեխաները այսօր արդեն հայախոս են: Ավելի մոտիկ ծանոթ լինելով այդ կարգի դպրոցներին, որոնք նախկինում եղել են ռուսախոս դպրոցներ և ունեցել են շատ խիստ ընդգծված ռուսամետ գաղափարախոսություն, այսօր այդ դպրոցներում սովորող երեխաները, ռուսախոս ծնողների երեխաները հայախոս երեխաներ են, որոնք այլևս լավ չեն պատկերացնում, թե ինչ խնդիր է ռուսական դպրոցը, հայկականը, ռուսախոս լինելը: Նրանց համար դա արդեն նորմ է՝ հայկական դպրոց, հայախոս երեխաներ: Սա, իմ կարծիքով, մեր անկախության ամենաընդգծված, շոշափելի, թերևս միակ ձեռքբերումն էր:

– Երկու տարի առաջ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն արվեց, ինչը նորից հնարավորություն է տալիս օտարալեզու դպրոցներ բացել:

– Մենք ընդհանրապես ունենք այդ սովորությունը, որ եթե մի բանի մեծ դժվարությամբ հասնում ենք, որոշ ժամանակ անց դա ապականում ենք: Այդ վտանգը միշտ լինելու է, որովհետև չգիտեմ՝ խորհրդային գաղափարախոսության հետևա՞նք է, վնասված է ինչ-որ մտածողության կե՞տ, թե՞ գենետիկ խոտան է: Ես չգիտեմ, բայց միշտ կա օտարալեզու կրթություն ստանալու այդ բուռն հակվածությունը: Շատ լավ տեղյակ չեմ, թե նախկին խորհրդային հանրապետություններում ինչ վիճակ է, որտեղ նույնպես մեծ մասը ռուսական դպրոցներ էին: Օրինակ` գիտեմ, որ Բելառուսում շատ ավելի ծանր էր վիճակը, քան Հայաստանում: Բելառուսական դպրոցները փակվում էին, չկային և այլն, բայց այսօր չեմ պատկերացնում, չկա արդեն, ուրիշ քաղաքականություն է վարվում: Մենք անընդհատ հակված ենք վերադառնալու հնին, մեզ մոտ այդ սերը հատկապես ռուսալեզու կրթության հանդեպ չի մարում, դա արդեն երևի շատ խորը վերլուծության կարիք ունի:

-Լուսինե՛, այսօր հայ մարդն անկախության զգացում ունի՞ և արդյոք անկախությունը հասցրե՞լ է այս տարիների ընթացքում մտնել հայ մարդու կենցաղ և այս օրը իսկապես տոն դարձնել հայ մարդու համար:

– Գիտեք՝ որքան էլ տարօրինակ թվա, անկախության զգացում ավելի ունեցել ենք այն ժամանակ, երբ քաղաքում մութ էր, պատերազմ էր, ճակատ էին գնում, տղաներ էին զոհվում, քաղց էր, խնդիրներ կային ամեն տեսակի: Այդ ժամանակ անկախության զգացումն ավելի կար, որովհետև ինչ-որ մի ոգեղեն բան, այնուամենայնիվ, կար։ Ես միշտ տխրում եմ, երբ այդ տարիների մասին ասում են ցուրտ ու մութ տարիներ: Դրանք կենցաղային ձևակերպումներ են, իսկ այդ տարիները իսկապես մարդ զգալու տարիներ էին, և մենք,- գիտակից մարդկանց մասին է խոսքը, իսկ նրանք շատ էին այդ ժամանակ,- մեզ մարդ էինք զգում, որովհետև մեր առջև շատ լուրջ խնդիր էր դրված՝ մենք կարող էինք կա՛մ հող հանձնել, կա՛մ գրավել, կա՛մ հաղթել, կա՛մ պարտվել: Մենք լավն էինք այդ տարիներին: Այո, այդ ժամանակ կար անկախության զգացում, երբ թվում է` անկախությունը ամենավտանգված փուլում էր, և ամենավատ սոցիալական վիճակում էինք: Այսօր չկա այդ բանը, ինչքան էլ Հյուսիսային պողոտայում բարձր միացնեն այդ զուռնա-դհոլը, ո՛չ, մենք անկախության այդ պահը կորցրեցինք իրականում, և այսօրվա բարձր նոտաները, բարձր օկտավաները չեն տալու այդ զգացումը:

– Դուք ականատեսն եք եղել Հայաստանի անկախության ծնունդին, այն ժամանակ երիտասարդ աղջիկ էիք: Ուզում եմ հարցնել` այն ժամանակվա երիտասարդները և այսօրվա երիտասարդները ինչո՞վ են իրար նման և ինչո՞վ են տարբեր: Խոսքս հատկապես այն երիտասարդների մասին է, որոնք փողոցում են, պայքարում են անկախության, հանուն Երևանի դեմքի պահպանության, հանուն մի շարք այլ խնդիրների:

– Այսինքն՝ պայքարո՞ղ երիտասարդության, որովհետև իմ ժամանակ էլ կային շատերը, ես չեմ կարող ասել, որ բոլորը գալիս էին և բոլորի այդ օրվա միտքը դա էր: Այն ժամանակ էլ կային իներտ, անտեղյակ, բայց նաև նրանք, ովքեր գալիս էին, շատ իմաստավորված էին գալիս, շատ ինքնուրույն որոշման արդյունքում էին գալիս, շատ բանի էին պատրաստ: Թեև այսօրվա եկողների հանդեպ ես մեծ հարգանք ունեմ, նրանք, չեմ կարող ասել՝ ավելի ինքնուրույն են, թե ինչ, բայց ավելի բաց են այսօրվա ուսանողները, նրանք, ովքեր ինչ-որ գաղափարական մոտիվներով դուրս են գալիս: Մենք մի փոքր, ամեն դեպքում, խորհրդային երկրի ուսանող էինք: Մի քիչ ավելի կաշկանդված, բայց պայքարում էինք:

-Բայց պայքարում էիք դրսի թշնամու դեմ:

– Չէ, մենք նույնիսկ երևի չէինք էլ ձևակերպում մեզ համար, թե որն է այդ թշնամին: Համենայնդեպս, ես հիշում եմ, որ Օպերան շրջապատված էր ռուսական զորքով, ու մենք դուրս էինք գալիս նրանց դիմաց կանգնում էինք ու ինչ-որ բաներ էինք վանկարկում: Ես չգիտեմ… եթե այսօր իմ երեխան դուրս գա այդպիսի բան անի, ես մեծ տագնապ կունենամ, որովհետև դա շատ վտանգավոր բան է: Այն ժամանակ այդպիսի բան չէինք էլ մտածում, մենք այնպես էինք արձակել մեզ հանուն մեր ազատության, մենք ինչ-որ էյֆորիկ, աննկարագրելի, դրական իմաստով, վիճակում էինք:

-Որտե՞ղ և ինչպե՞ս կորցրեցինք անկախությունը գզալու, անկախությունը պահելու զգացումը…

– Մենք մի օրում չենք կորցրել, մենք սկսել ենք կորցնել մեր անկախությունը այն իշխանության օրոք, որի դեմքերը մեր անկախության կուռքերն էին, որոնց մենք բերեցինք իշխանության, որոնք խորապես հիասթափեցրին, որոնց օրոք սկսվեցին անօրինականությունները, ամենաթողությունը, բռնությունը: Բանտ ընկնելու սովորությունը սկսվեց այդտեղից՝ ձերբակալություններ, սպանություններ քաղաքական հայացքների համար: Մենք այդտեղից բաց թողեցինք, և երբ քո կուռքերի մեջ հիասթափվում ես, դա ամենամեծ կորուստն է: Հետո նրանք արդեն շատ հեռու էին քո կուռքը լինելուց, և դու էլ արդեն այն տարիքում չես, որ քաղաքական կուռքեր ունենաս, կարող ես ընդամենը գաղափարներն ընդունել կամ՝ ոչ: Արդեն այդքան ծանր չես տանում՝ ինչ է տեղի ունենում: Մեկ անգամ կոտրվում է այդ մեծ սպասումը: Այդտեղից սկսվեց, դա մեկ օրում չեղավ, հետո մյուսները ավելի խորացրեցին, հաջորդը՝ ավելի, և հիմա մենք կանգնած ենք մի այնպիսի վիճակի առաջ, որ վերապահումով ասում ենք՝ շնորհավոր անկախության օրը: Այդպես պետք է չլիներ:

Զրուցել է Արփի Մախսուդյանը

Տեսանյութը դիտեք այստեղ:

Մեկնաբանել