Վստահ եմ` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ հայ ժողովուրդը կարձանագրի նոր ձեռքբերումներ. Բ. Սահակյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Ուղերձում մասնավորապես ասված է.  «Մեծարգո Սերժ Ազատի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և համայն հայությանը` Անկախության տոնի առթիվ: 22 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց պատմական որոշում, որն արմատապես փոխեց նրա հետագա զարգացման ընթացքը: Վերջապես վերականգնվեց հայոց անկախ պետականությունը, որը դարեր շարունակ թվում էր անիրականանալի, վերականգնվեց սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, իր հողում իր երկիրը սեփական ձեռքերով կառուցելու հայի իրավունքը: Դա վճռորոշ քայլ էր, որի ճշմարտացիությունն ու անխուսափելիությունն ապացուցվել է այս բոլոր տարիների ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունն այսօր առաջ է ընթանում հաստատուն քայլերով` իրականացնելով տարբեր ծրագրեր` ուղղված ժողովրդի անվտանգության ապահովմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը, մարդկանց սոցիալ-տնտեսական և կենցաղային պայմանների բարելավմանը: Ես ավելի քան վստահ եմ, որ համատեղ ջանքերով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ հայ ժողովուրդը կարձանագրի նոր ձեռքբերումներ ու կհասնի ազգային նպատակների իրագործմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք` ի փառս Մայր Հայաստանի զորացման ու բարգավաճման»: