Ակտիվիստները բերման են ենթարկվել մեքենան այլ կայանատեղի չտեղափոխելու պատճառով

Երևանի քաղաքապետարանի մոտ հուլիսի 26-ից նստացույց անող քաղաքացիներից երկուսը սեպտեմբերի 21-ի առավոտյան բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք:

ՍիվիՆեթի հետ զրույցում բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը նշեց, որ ոստիկաններն իրենից պահանջել են քաղաքապետարանի դիմաց կայանած իր մեքենան տեղափոխել մեկ այլ վայր:

«Ես հրաժարվեցի, և մեքենաս քարշակով տարան տուգանային հրապարակ»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ նույն պահանջը ոտիկանները ներկայացրել են նստացույց անող քաղաքացիներից Սուրեն Սահակյանին ևս: Վահագն Մինասյանի խոսքով` Սուրեն Սահակյանը կորցրել էր մեքենայի բանալիները, և զանգահարել է ընկերոջը` խնդրելով այլ բանալի բերել: Ոստիկանները սակայն, Վահագն Մինասյանի խոսքով, չեն սպասել նոր բանալի բերելուն և կրկին քարշակ են բերել` մեքենան տեղափոխելու:

«Հինգ րոպե չսպասեցին, փորձում էին մեքենան բարձել քարշակի վրա, մենք էլ անհնազանդություն ցուցաբերեցինք` արգելափակելով  քարշակի ճանապարհը: Եվ մեզ բերման ենթարկեցին»,- ասաց Մինասյանը` նշելով, որ ոստիկանությունում նրանց դեռ որևէ իրավական փաստաթուղթ չի ներկայացվել: