Moody’s-ը «սպեկուլյատիվ» է գնահատել Հայաստանի եվրապարտատոմսերը

Միջազգային վարկանիշային հեղինակավոր Moody’s կազմակերպությունը (Moody՚s Investors Service) վերանայել է Հայաստանի արտարժութային պարտատոմսերի առաստաղը՝ այն Baa3-ից իջեցնելով Ba1-ի։

Ըստ Moody’s –ի հաղորդագրության՝ ցածր առաստաղը նշանակում է, որ Հայաստանի մասնավոր հատվածի թողարկողներին տրվող ամենաբարձր վարկանիշը կարող լինել Ba1-ը։

Միաժամանակ, Moody’s-ը վերանայել է Հայաստանի կարճաժամկետ արտարժութային պարտատոմսերի առաստաղը՝ Prime-3-ից (P-3՝ ներդրումային դաս) Not-Prime-ի (NP՝ սպեկուլյատիվ դաս): Վարկանշային գործակալության այս քայլը հետևել է 2013թ. օգոստոսի 20-ին Հայաստանի ազգային արժույթի առաստաղի՝ Baa1-ի փոխարեն Baa3 սահմանմանը:

Վարկանիշերն այսպիսով հետևյալն են. ազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդների վարկանիշը Baa3, արտարժութային պարտատոմսերինը՝ Ba1, արտարժութային բանկային ավանդներինը՝ Ba3: Կարճաժամկետ արտարժութային վարկանիշը գտնվում է սպեկուլյատիվ դասում:

Baa վարկանիշով պարտքային պարտավորությունները ենթակա են չափավոր վարկային ռիսկի, դրանք դիտարկվում են որպես «միջին դասի» պարտավորություն և որպես այդպիսիք կարող են ունենալ որոշակի սպեկուլյատիվ բնույթ:

Ba վարկանիշ տրվում է պարտքային այն պարտավորություններին, որոնք բնորոշ են սպեկուլյատիվ գործիքներին և ենթակա են զգալի վարկային ռիսկի:

Moody’s-ը նշել է, որ Հայաստանի արտարժութային պարտատոմսերի առաստաղը նվազեցնելու որոշումը պայմանավորված է Հայաստանի ինստիտուցիոնալ ցածր կարողությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ սահմանափակ են ֆինանսական և առևտրային հնարավորությունները: Երկրի տնտեսության դոլարիզացիայի բարձր մակարդակը Moody’s-ին ստիպել է կրճատել արտարժութային պարտատոմսերի առաստաղի և թողարկողի վարկանիշի միջև առկա ճեղքվածքը:

«Պարտատոմսերի վարկանիշն ամենայն հավանականությամբ կվերանայվի, եթե Moody’s-ը որոշի վերանայել Հայաստանի վարկանիշը»,- նշված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

Moody’s-ի կողմից արտարժութային պարտատոմսերի վարկանիշը սահմանելիս հաշվի է առնվել պարտավորությունները չկատարող կառավարության կողմից արտարժույթով պարտքերի մարման վրա մորատորիում սահմանելու հավանականությունը։

Մորատորիումային սահմանափակումները բաժանված են երկու առանձին ռիսկի՝ արտարժույթի ազատ տեղաշարժ (transfer risk) և արտարժույթի ազատ փոխարկման (convertibility risk) սահմանափակումներ: Գործնականում այս երկու ռիսկերը հանդիպում են միաժամանակ: Moodys-ը մորատորիումային ռիսկը գնահատել է՝ ելնելով նրանից, թե ինչպես ֆինանսական շուկայի՝ պատմական համատեքստում զարգացումն ու գլոբալացումը, տվյալ երկրի ինստիտուցիոնալ կարողությունները, ֆինանսական և տնտեսական ինտեգրվածությունն ու թափանցիկությունը, կապիտալի տեղաշարժի ազատությունը և տնտեսության ներքին կառավարումը կարող են ազդել պարտքերի մորատորիում իրականացնելու կառավարության քաղաքականության վրա:

Հայաստանը սեպտեմբերի 19-ին տեղաբաշխել էր առաջին եվրապարտատոմսերը միջազգային կապիտալի շուկայում: Տեղաբաշխվել է 7 տարի ժամկետով, տարեկան 6% եկամտաբերությամբ $700 մլն-ի պարտատոմս։