Անկարայի ոստիկանության վրա հարձակում գործածներից մեկը սպանվել է

Սեպտեմբերի 20-ի երեկոյան Անկարայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք վերջին օրերին բողոքում են Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի տարածքով մայրուղու կառուցման նախագծի դեմ:

Ըստ թուրքական կառավարամետ լրատվամիջոցների՝ ցուցարարները ձեռքի հակատանկային նռնականետով կրակել են Անկարայի ոստիկանատան և Անվտանգության գլխավոր վարչության շենքերի վրա, որից հետո թուրքական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել կրակող ցուցարարներին հայտնաբերելու ուղղությամբ:

Թուրք ոստիկանների գնդակից մեկ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ կրակողներ Մոհարեմ Քարաքաշը և Սերդար Փոլաթը Թուրքիայում ահաբեկչական հռչակված «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամներ են:

Մոհարեմ Քարաքաշը այս տարվա մարտին նռնակներ է նետել Թուրքիայի արդարադատության նախարարության և «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնակայանի վրա:

Թուրքական ոչ կառավարամետ լրատվամիջոցները թերահավատորեն են մոտենում ոստիկանության  տեղեկություններին: Այսպես՝ Firat-ը գրում է, որ  ոստիկանությունը  մշտապես  ասում է, թե «բախումներ են տեղի ունեցել» և կրակում ցուցարարների վրա՝ նրանց անվանելով ահաբեկիչներ: