Կորուստները հնարավոր է` ի չիք դարձնեն անկախության ձեռքբերումները. Արմեն Մարտիրոսյան

Հայաստանի Հանրապետության անկախության 22 տարիների ամենամեծ ձեռքբերումը ազատագրված Արցախն է. ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպես գնահատեց անկախության տարիները «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«1000  տարի, ըստ էության, որևէ հաղթանակ չէինք ունեցել: Այս դեպքում մենք շնորհիվ անկախության` ունեցանք նաև Մայր հայրենիքի ազատագրված մեկ հատված»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ մյուս կարևոր ձեռքբերումն էլ բուն քաղաքացիների ձեռքբերումն է, որոնք պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար և երկիրը առաջ տանել:

Խոսելով կորուստների մասին` Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ կորուստները ևս շատ են:

«Մտավախություն ունեմ, որ այս կորուստներն այսպես շարունակվելու դեպքում մեր այդ ձեռքբերումներն ի չիք կդարձնեն»,- ասաց Մարտիրոսյանը` դրանց թվում առաջին հերթին առանձնացնելով մի քանի հոգու շահերին ծառայող կառավարման համակարգի ստեղծումը, որի պատճառով, ըստ նրա, տեղի ունեցան վատթար քայլեր:

Բացասական երևույթների թվում «Ժառանգության» փոխնախագահը նշեց նաև արդարադատության համակարգի բացակայությունը:

«Եվ այս ամենի արդյունքում արտագաղթը, որը, բնականաբար, ռեսուրսազրկում է պետութունը, որովհետև առանց քաղաքացու` որևէ պետություն չի կարող ունենալ կենսունակություն: Սա մեր կորուստներից ամենամեծն էր և, ցավոք սրտի, դեռ շարունակվում է մեծ տեմպերով»,- ասաց Մարտիրոսյանը` հույս հայտնելով, որ Հայաստանում առկա քաղաքացիական գիտակցություն ունեցող բնակչությունը, անկախ տարբեր քաղաքական գործիչների, կուսակցությունների հանդեպ ունեցած իր մոտեցումներից` միասնական կպայքարի անկախության օրակարգի համար:

«Ժառանգության» ներկայացուցչի կարծիքով` անկախությունը պետք է նշել ամեն օր, և այն պետք է լինի շարունակական պայքարի տեսքով:

«Եթե դու պայքարում ես այդ անկախության համար, նշանակում է, որ դու ընդունում ես այդ տոնը որպես քո սեփականը, դրա բովանդակությունը հասկանում ես և այդ երևույթի համար ամեն րոպե պատրաստ ես պայքարել»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը:

Լուսանկարը` ՍիվիլՆեթի