Ֆրանսուա Օլանդը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Անկախության օրվա կապակցությամբ, հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Ֆրանսուա Օլանդի ուղերձում մասնավորապես ասված է. «Պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ Ձեզ և ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության և հաջողության բարեմաղթանքներս:

Անկախությունից ի վեր Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել բարգավաճման և ժողովրդավարության ուղիով, շնորհիվ, մասնավորապես, Եվրամիության հետ իր վարած երկխոսության շրջանակում իրականացված խիզախ բարեփոխումների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունն այդ ձեռնարկի շարունակմանը:

Ինչպես գիտեք, ես անձնապես մեծ կարևորություն եմ տալիս Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը: Ցանկանում եմ այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Ձեզ հետ միասին շարունակել աշխատանքն առավել որոշակի կերպով, հատկապես տնտեսական ոլորտում:

Թույլ տվեք ընդգծել նաև այն կարևորությունը, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, տալիս է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջընթացին:

Ուրախ եմ առաջիկայում Փարիզում Ձեզ հյուրընկալելու` այս թեմաները համատեղ քննարկելու նպատակով:

Ընդունեք խնդրեմ, պարոն նախագահ, հարգանքներիս գերագույն հավաստիքը»:

Մեկնաբանել