Թուրք հայտնի դաշնակահարի նկատմամբ դատավճիռն ուժի մեջ է մնացել

Ստամբուլի դատարանը ուժի մեջ է թողել աշխարհահռչակ թուրք դաշնակահար Ֆազիլ Սային 10 ամսվա պայմանական ժամկետի դատապարտելու վերաբերյալ դատավճիռը, հաղորդում է Hurriyet-ը:

2013թ. ապրիլին Ֆազիլ Սայը մեղադրվել էր իր թվիթերյան գրառումներում կրոնական թշնամանք հրահրելու և իսլամական արժեքները վիրավորելու մեջ: Իր մեկնաբանություններից մեկում դաշնակահարը կարծիք էր հայտնել, որ «բոլոր հիմարները, գողերն ու խեղկատակները խորը հավատացյալներ են»:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Եվրամիությունն անհանգստություն էր հայտնել Սայի նկատմամբ այս տարվա ապրիլին կայացրած դատավճռի առթիվ:

Ավելի վաղ Ստամբուլի ավելի բարձր ատյանի դատարանը չեղյալ էր հայտարարել «ընթացակարգային խախտումների» համար կայացրած դատավճիռը և պահանջել գործի վերանայում: Սայը մեղադրել էր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը իսլամիստական ծրագիրն առաջ տանելու համար և հայտարարել, որ «գործը քաղաքական մոտիվացիա ունի»:

43-ամյա Սայը համերգներով հանդես է եկել Բեռլինում, Նյու Յորքում, Տոկիոյում և Իսրայելում: