Քիմիական զենքի գծով փորձագետները ուսումնասիրում են սիրիական տվյալները

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը տեղեկացրել է, որ ուսումնասիրում է սիրիական քիմիական սպառազինությունների զինանոցի վերաբերյալ տվյալները, որոնք Սիրիան ներկայացրել է՝ համապատասխան ռուս-ամերիկյան պայմանավորվածության պայմանների։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունից ստացել են պահանջվող բոլոր տվյալները, սակայն հրաժարվել է հայտնել, թե կոնկրետ ինչ տեղեկատվություն է պարունակվում ներկայացված փաստաթղթերում։

Համարվում է, որ Սիրիան ունի մոտ 1000 տ մարտական քիմիական նյութեր։

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը տեղեկացրել է նաև, որ Սիրիայի հարցով նիստը, որը ծրագրված էր սեպտեմբերի 22-ին, հետաձգվել է անհայտ ժամանակով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրին վեց կետից բաղկացած համաձայնեցված ծրագիր։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պայմանավորվածությունը նախատեսում է, որ ՄԱԿ-ի տեսուչները պետք է Սիրիա ուղարկվեն նոյեմբերին, որպեսզի զբաղվեն իրավիճակի նախնական գնահատմամբ։

Սիրիայում ամբողջ քիմիական զենքի ոչնչացումը պետք է ավարտվի մինչև 2014թ․ կեսը։ Ավելի հստակ ժամանակացույցը համաձայնեցվելու է ավելի ուշ։

Օրերս Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ հավատարիմ է իր երկրի քիմիական զենքը ոչնչացնելու ծրագրին, սակայն նախազգուշացրեց, որ դրա համար իշխանություններից կպահանջվի մոտ մեկ տարի։

ՌԴ նախագահի աշխատակազմի նախագահ Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է փոխել Սիրիայի հարցում իր դիրքորոշումը, եթե հասկանա, որ նախագահ Ասադը «խարդախում է»։

ՄԱԿ-ը սեպտեմբերի 16-ին ներկայացրեց իր փորձագետների պատրաստած զեկույցը, որում հաստատեց Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը՝ միաժամանակ չհստակեցնելով, թե հակամարտության կողմերից որն է պատասխանատու դրա համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ասաց, որ փորձագետների խնդիրն է եղել միայն քիմիական զենքի կիրառման փաստը հաստատելը, այլ ոչ թե մեղավորներին ի հայտ բերելը։

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը պնդում են, որ զեկույցը հաստատում է իրենց վարկածը․ զարինն օգտագործել են Բաշար ալ Ասադի կառավարական զորքերը։

Ռուսաստանը հերքում է այս հայտարարությունները՝ վստահեցնելով, որ քիմիական հարձակումը ապստամբների կողմից սադրանք է եղել։

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պահանջում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունի բանաձև, որը կպարունակի Սիրիայի նկատմամբ ռազմական ուժի կիրառման սպառնալիք՝ Դամասկոսի կողմից Վաշինգտոնի և Մոսկվայի պայմանավաորվածության չկատարման դեպքում։ Սակայն Ռուսաստանը, որն Անվտանգության խորհրդում ունի վետոյի իրավունք, դեմ է հանդես գալիս այդպիսի փաստաթղթին։

Բանաձևի տեքստի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շարունակվում է։

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։