Apple-ը հնարավորություն կտա 3G և Wi-Fi ցանցերը միաժամանակ օգտագործել

Apple-ի նոր՝ բջջային iOS 7 օպերացիոն համակարգի կոդում հայտնաբերվել է նոր ցանցային պրոտոկոլ՝ Multipath TCP-ն, որի շնորհիվ iPhone և iPad գաջեթները համարվում են միակ սարքավորումները, որոնց միջոցով հնարավոր է տվյալների զուգահեռ բեռնումներ իրականացնել Wi-Fi և 3G կապի միջոցներով: Նշենք, որ iOS-ի նախորդ տարբերակներում հնարավոր էր օգտագործել վերոնշյալ կապի միջոցներից միայն մեկը:

Multipath TCP-ի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ համակարգը կարողանում է ինքնուրույն դասակարգել տվյալները, միանալով այն ցանցին, որն այդ պահին ավելի արագ է աշխատում:

Նորարարության հեղինակը համակարգչային տեխնոլոգիաների բելգիացի պրոֆեսոր Օլիվեր Բոնավենտուրեն է, որը վերոնշյալ տեխնոլոգիայի մշակման գործընթացն սկսել է դեռևս 2008-ին: Apple-ի սարքավորումներն առաջինն են որոնցում կօգտագործվի այն: