Ահաբեկչություն Նայրոբիում. զոհերի թիվը հասել է 43-ի

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում զինյալները գրավել են առևտրի կենտրոնը: Ինչպես հաղորդում է BBC-ն, ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի, ավելի քաան  200 մարդ հոսպիտալացվել է: Առևտրի կենտրոնում մնացած պատանդների թիվը դեռևս հայտնի չէ:

Ահաբեկիչները բաց են թողել նրանց, ովքեր արաբերեն են իմացել և տիրապետել են մուսուլմանական աղոթքներին:

Ավելի վաղ սոմալիական «Աշ Շաբաբ» խմբավորումը իր վրա էր վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին համապատասխան հայտարարությունը տեղադրվել էր կազմակերպության Twitter-ի պաշտոնական էջում: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ ակցիան պատասխան է Սոմալիի տարածքում Քենիայի գործողություններին. «Աշ Շաբաբը» ռազմական գործողությունների վայրը տեղափոխում է Քենիա:

Ներկայում առևտրի կենտրոնի շրջակայքում շարունակվում են բախումները զինյալների և ոստիկանների միջև: Ահաբեկիչները շրջապատել են շենքն ու իրենց զենքերն ուղղել ոստիկանների ու զինվորականների կողմը: