Մերկելի կուսակցությունը հաղթել է Բունդեսթագի ընտրություններում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու նրա գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցությունը սեպտեմբերի 22-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել են ձայների մեծամասնությունը, հաղորդում է BBC-ն` վկայակոչելով Գերմանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:

ՔԴՄ-ի օգտին քվեարկել է ընտրողների 42%-ը: Ի դեպ, սա կուսակցության ամենահամոզիչ հաղթանակն է 1990թ. ի վեր, սակայն Մերկելին հնարավորություն չի տալիս խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ձևավորել:

Ներկայում գլխավոր հարցն իշխող կոալիացիայի ձևավորումն է, որովհետև Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը, որը ՔԴՄ-ի կոալիցիոն դաշնակիցն է, չի կարողացել հաղթահարել Բունդեսթագ անցնելու համար անհրաժեշտ 5%-ի շեմը:

Չի բացառվում, որ ՔԴՄ-ն դիտարկի այսպես կոչված «մեծ կոալիցիայի» ձևավորման հնարավորությունը մրցակից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, որը ստացել է ձայների 26%-ը:

Սակայն անձամբ Մերկելը, խոսելով կոալիցիայի մասին, նշել է, որ «դեռ չափազանց վաղ է հստակ ասել, թե ինչ կանենք»:

Բունդեսթագն ունի 622 տեղ: Գերմանական օրենքների համաձայն՝ ձևավորված խորհրդարանը կընտրի երկրի փաստացի առաջնորդին՝ կանցլերին: