«Նախախորհրդարանի» սեպտեմբերի 26-ի հանրահավաքը հետաձգվում է

«Նախախորհրդարանի» հանրահավաքը Ազատության հրապարակում, 2013թ. մայիսի 17

«Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության քարտուղարության հայտարարություն է տարածել 2013թ. սեպտեմբերի 26-ի հանրահավաքը հետաձգելու վերաբերյալ:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. ««Նախախորհրդարանը» ս.թ. հուլիսի 12-ին անցկացրած իր հանրահավաքի ժամանակ հայտարարել է մեր ժողովրդի կազմակերպման ու իրազեկման նպատակով հերթական հանրահավաքը սեպտեմբերի 26-ին Ազատության հրապարակում անցկացնելու մասին:

«Նախախորհրդարանը», հաշվի առնելով, որ անցնող ժամանակահատվածում արտաքին և ներքին քաղաքական զարգացումների ազդեցությամբ պայքարի մարտավարությունը որոշակիորեն վերանայելու անհրաժեշտություն է առաջացել, ինչպես նաև նկատի ունենալով, որ այդ ժամանակահատվածում վարչախումբը ջանք չի խնայել հանրահավաքի գաղափարն ու քաղաքական նշանակությունն արժեզրկելու համար, հետաձգում է սեպտեմբերի 26-ին նշանակված իր հանրահավաքը:

«Նախախորհրդարանը» մեր ժողովրդին տեղեկացնում է, որ իրազեկման խնդիրը մոտակա ժամանակահատվածում կլուծվի տեղեկատվական և այլ միջոցներով, իսկ կազմակերպչական աշխատանքը կկատարվի աջակիցների ցանցի ընդլայնման ու ամրապնդման, ինչպես նաև առկա պետական կառավարման մարմիններին զուգահեռաբար գործող այլընտրանքային մարմինների (Արդարության ատյան, Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողով, Հիմնադիր խորհրդարան և այլն) ստեղծման ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, նախապես հայտարարված պլանին համապատասխան` ս.թ. հոկտեմբերի սկզբից «Նախախորհրդարանն» սկսում է ապագա Հայաստանի տեսլականի` Նոր որակի հայկական պետության ձևավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի, մաս առ մաս հրապարակային ներկայացման ու մասնագիտական քննարկման աշխատանքը:

«Նախախորհրդարանը» հետևում է իրավիճակի զարգացումներին և հանրահավաքի ձևաչափով ներկայանալու անհրաժեշտության դեպքում կիրազեկի մեր ժողովրդին ու կանցկացնի իր հերթական հանրահավաքը»:

Մեկնաբանել