Աճեմօղլուն կվարի Հայաստանի տնտեսությանը նվիրված ֆորում

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի քաղաքատնտեսության պրոֆեսոր, աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն և Policy Forum Armenia (PFA) կազմակերպության համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը հոկտեմբերի 9-ին Բելմոնտի (Մասաչուսեթս) Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայում կկազմակերպեն «Հայաստանի տնտեսական զարգացում. աճի հեռանկարներ և ձախողման ռիսկեր» (Armenia’s Economic Development: Prospects for Growth and Risks of Failure) խորագրով ֆորում, հաղորդում է Armenianweekly-ն:

Ֆորումի ընթացքում Աճեմօղլուն կանդրադառնա «Ինչու են ազգերը ձախողում» (Why Nations Fail) իր հայտնի գրքին, որը բարձրացնում է հարյուրամյակներ շարունակ փորձագետներին հուզող հարցեր՝ ինչու են որոշ պետություններ հարուստ, մյուսները՝ աղքատ, ինչու են ազգերը բաժանված հարուստների և աղքատների, առողջների և հիվանդների և այլն:

Տնտեսական վերլուծաբան Դավիթ Գրիգորյանը կխոսի Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակից՝ անդրադառնալով Աճեմօղլուի հիմնական մոդելին և Հայաստանի տնտեսական ներկայիս մարտահրավերներին:

Photo: wikipedia.org

Մեկնաբանել