Չինաստանում թայֆունի զոհ է դարձել 25 մարդ

Չինաստանի հարավում նվազագույնը 25 մարդ զոհվել է «Ուսագի» թայֆունի հետևանքով, մոտ 220 հազ․ մարդ անհապաղ տարհանվել է, ավերվել է ավելի քան 7 հազ․ տուն, հաղորդում է Euronews-ը։

Այս սեզոնին ամենաուժեղ արևադարձային փոթորիկ «Ուսագին», անցնելով Փիլիպիններով ու Թայվանով, հարվածել է չինական ափին սեպտեմբերի 22-ի երեկոյան։ Քամու ուժգնությունը հասել է 165 կմ/ժ-ի։ Ակնկալվում էր, որ հիմնական հարվածը բաժին կընկնի Հոնկոնգին, սակայն փոթորիկը շարժվել է ավելի հյուսիս՝ գլխավորապես վնասելով Գուանդուն նահանգին։ Խոշորագույն քաղաքների միջև գնացքների երթևեկությունը դադարեցվել է, ուժեղացվել են տարերային աղետի շրջանում գտնվող ատոմակայանի անվտանգության միջոցառումները։

Թայֆունը կաթվածահար է արել նաև Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքը․ տասնյակ թռիչքներ հետաձգվել են, հարյուրավոր մարդիկ սեպտեմբերի 22-ից չեն կարողանում մեկնել։ Սեպտեմբերի 23-ի առավոտյան չի բացվել Հոնկոնգի ֆոնդային բորսան։

Մոտավոր տվյալներով՝ փոթորկի վնասը գնահատվում է $529 մլն։ Ազգային օդերևութաբանական կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ ներկայում փոթորիկը շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք։

Մեկնաբանել