ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում` Լիբանանում

Լիբանանում Հայաստանի դեսպանությունում սեպտեմբերի 20-ին կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Լիբանանի և Հայաստանի օրհներգերից հետո ելույթով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա համառոտ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 22 տարիների անցած ուղին: Խոսելով հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին` դեսպանն անդրադարձել է վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելություններին և հատուկ ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանի 2012թ. նոյեմբերին Լիբանան կատարած պաշտոնական այցի քաղաքական կարևորությունը: Նա համոզմունք է հայտնել, որ վերջերս MEA ավիաընկերության կողմից Բեյրութ-Երևան ուղիղ չվերթերի բացումը խորապես կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Դեսպանը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի բազմաբովանդակ ազգանվեր գործունեությունը, որը, պահպանելով հարուստ ազգային մշակույթն ու արժեքները, միևնույն ժամանակ իր ուրույն դերակատարությամբ հանդիսանում է երկու բարեկամ երկրները` Հայաստանը և Լիբանանը, միացնող ամուր և հուսալի կամուրջ:

Ավարտելով ողջույնի խոսքը` դեսպանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի բոլոր կառույցներին և անհատներին սերտ համագործակցության համար, խաղաղություն և բարգավաճում մաղթել Լիբանանի բարեկամ ժողովրդին:

Ընդունելությանը ներկա էին նախարարներ և պատգամավորներ, դեսպաններ, հարանվանությունների, պետական կառույցների և լիբանանահայ համայնքի ղեկավարներ և ներկայացուցիչներ: Լիբանանի նախագահին, Ազգային ժողովի նախագահին և վարչապետի պաշտոնակատարին ներկայացնում էր երեկոյի գլխավոր հյուր, պատգամավոր Հակոբ Բագրատունին:

Մեկնաբանել