Թուրքիան հնարավոր է՝ երբեք չանդամակցի Եվրամիությանը. Էգեմեն Բաղըշ

Թուրքիան հավանաբար երբեք չի անդամակցի Եվրամիությանը կառույցի ներսում առկա կոշտ ընդդիմության և անդամների «կողմնակալ» վերաբերմունքի պատճառով, ասել է Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը բրիտանական Telegraph պարբերականի հետ զրույցում: 

Թուրք նախարարի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի երկար փափագած երազանքի վերջը, ամենայն հավանականությամբ, հիասթափությունն է: 

«Թուրքիան ԵՄ-ի հետ հարաբերություններում թերևս կարժանանա Նորվեգիայի ճակատագրին, որը միության անդամ չէ, սակայն մուտք ունի միասնական շուկա՝ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրերի միջոցով», – ասել է Բաղըշը՝ հավելելով, որ իր կանխագուշակությունը կարող է ի կատար չածվել միայն այն դեպքում, եթե փոխվի վերաբերմունքն իր երկրի նկատմամբ: 

ԵՄ-ի հետ Թուրքիայի գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշի խոսքով՝ չնայած Թուրքիայի տնտեսության արդիականացմանն ու աճին՝ իր երկիրը «կողմնակալության» զոհ է ԵՄ-ի հետ հարաբերություններում: Ընդգծելով, որ անդամակցությունը Եվրամիությանը շարունակում է մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության թիրախ, Բաղըշը կոչ է արել Եվրամիությանը «անել այն, ինչ կառույցն ամենալավն է անում՝ ընդլայնվել»: 

«Նրանք պետք է հասկանան, որ մեզ հետ մղելով՝ իրենց են վնասում», – ասել է Բաղըշը՝ կարծիք հայտնելով, որ եթե Թուրքիան անդամակցած լիներ միությանը, եվրագոտւ ճգնաժամ չէր լինի:

ԵՄ անդամներ Գերմանիան և Ֆրանսիան մշտապես դեմ են եղել, որ միությանն անդամակցի 76 մլն բնակչություն ունեցող մուսուլմանական Թուրքիան՝ մտավախություն ունենալով, որ Թուրքիայի մշակութային տարբերությունն անդամ-երկրների հետ և նրա մասշտաբները դժվարություն կստեղծեն ինտեգրման համար:

Թուրքիան ԵՄ ասոցացված անդամ է 1960-ականներից, 2005թ. մեկնարկած բանակցություններին խոչընդոտել է ԵՄ անդամ երկիր Կիպրոսի (բաժանված կղզու) հարցը:

Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամի (GMF) անցկացրած «Անդրատլանտյան միտումներ 2013» հասարակական հարցման տվյալներով՝ ԵՄ-ին անդամակցելու օգտին հանդես է եկել Թուրքիայի բնակչության 44%-ը՝ անցյալ տարվա 48%-ի համեմատ: Ցուցանիշը զգալիորեն նվազել է 2004-ից ի վեր, երբ ԵՄ-ին անդամակցելու կողմ էր Թուրքիայի բնակչության 73%-ը: