Վոլոդյա Ավետիսյանը կխոսի այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնի. փաստաբան

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում սեպտեմբերի 22-ին շուրջ հինգ ժամ տևած դռնփակ նիստից հետո ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվեց երկու ամսով:

Ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավոր Ռուբեն Բունիաթյանը մերժել է 20 ազատամարտիկների երաշխավորությունը և Վոլոդյա Ավետիսյանին 3 մլն դրամ և թվով 5 անշարժ գույքի գրավով ազատելու միջնորդությունը:

«Դատավորն այդ մերժումը պատճառաբանեց` ասելով, որ մեծ է ռիսկը, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Ավետիսյանը կարող է խոչընդոտել նախաքննությունը և նոր հանցագործություն կատարել»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ նման պատճառաբանության համար հիմք է տալիս նրան վերագրվող արարքի ծանրությունը:

Արա Զաքարյանի խոսքով` Վոլոդյա Ավետիսյանը հրաժարվել է քննչական մարմնին որևէ բան ասել և «կասի այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնի»:

Փաստաբանն ասաց, որ իրեն չեն տրամադրվել այն նյութերը, որոնք դրվել են մեղադրանքի և կալանավորության հիմքում: Նա նաև նշեց, որ չի ճանաչում ՊՆ հայտարությունում հիշատակված Հ. Զաքարյանին:

Վոլոդյա Ավետիսյանի ազատամարտիկ ընկերները վճռի հրապարակումից հետո հետո հայտարարեցին` «մեղադրանքը շինծու է»:

«Եթե մեր ընկերը մեր կողքին չեղավ, ուրիշ մարմինների ենք դիմելու և ուրիշ քայլերի ենք գնալու»,- ասացին նրանք:

ՊՆ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ավետիսյանը ձերբակալվել էր ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (խարդախություն՝ խոշոր չափերով):

Ազատամարտիկների խորհուրդն էլ սեպտեմբերի 22-ինը բաց նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամրազյաինի, ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին, որում պահանջում են անհապաղ մեկուսարանից ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին:

Մեկնաբանել