Փոքր կենտրոնի գովազդային վահանակների ապամոնտաժումը` սեպտեմբերի 23-ից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ից մայրաքաղաքի փոքր կենտրոնում կմեկնարկի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին զեկուցել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը: Զեկուցվել է նաև, որ ապամոնտաժման աշխատանքներն իրականացվելու են երեկոյան ժամը 23-ից հետո: Խորհրդակցությունը վարող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, փոխանցել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը՝ աշխատանքների ավարտից հետո տարածքի բարեկարգումն ապահովելու ուղղությամբ:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները: Հանձնարարվել է խստորեն հետևել որակի ապահովմանն ու ժամանակացույցի պահպանմանը: Հանձնարարվել է նաև գույքագրել և վերականգնել մայրաքաղաքի փողոցների և մայթերի վնասված եզրաքարերը, սալիկներն ու հենապատերի քարերը: Հյուսիսային պողոտայի սալիկապատման աշխատանքների հետ կապված՝ Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ դրանք կմեկնարկեն առաջիկա օրերին:

Մայրաքաղաքի մանկապարտեզներում, մշակութային տներում, արվեստի դպրոցներում և կրթական այլ հաստատություններում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքի հետ կապված՝ զեկուցվել է, որ հաստատությունների զգալի մասում աշխատանքներն ավարտված են, մյուսներում ընթանում են ըստ ժամանակացույցի:

Մեկնաբանել