Հայաստանը կծածկվի 4G ինտերնետային ցանցով

2015-ից «Յուքոմը» կարող է կոմերցիոն նպատակով շահագործման հանձնել 4G լայնաշերտ ինտերնետային ցանց։

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը նոր փուլ է մտնում։ 2015-ից «Յուքոմ» ընկերությունը կարող է կոմերցիոն նպատակով շահագործման հանձնել 4G (Long Term Evolution, LTE) լայնաշերտ ինտերնետային ցանց։ Միակ ընկերությունը, որը 2011-ի վերջից կոմերցիոն նպատակով Երևանում շահագործում է LTE ցանց, «Ղ-Տելեկոմ»-ն է։

Սեպտեմբերի 25-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կամփոփի այս տարվա հուլիսի 19-ին հայտարարված «801-811ՄՀց/842-852ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման համար» մրցույթի նախաորակավորման փուլը: Այս հաճախականություններն օգտագործվում են չորորդ սերնդի 4G/LTE (Long Term Evolution) հեռահաղորդակցային ցանց կառուցելու համար։

Հաճախականությունների մրցույթի պայմաններով ՀԾԿՀ-ն պետք է նախաորակավորի մասնակից ընկերություններին, դրանից հետո ընտրի հաղթող ընկերությանը։ Սպասվում է, որ սեպտեմբերի 25-ի ՀԾԿՀ-ի նիստում կհաստատվի կազմակերպված մրցույթի արդյունքում նախաորակավորված ընկերությունների ցանկը։ Ըստ որոշման նախագծի՝ նախաորակավորման փուլն անցել է մեկ ընկերություն՝ «Յուքոմը»։

Նախաորակավորումից հետո, ըստ մրցութային պայմանների, ընկերությունը պետք է ներկայացնի լիցենզիայի հայտ-առաջարկ, որի նվազագույն չափը սահմանված է Դ6,225 մլրդ։ Հաշվի առնելով, որ նախաորակավորման փուլն անցել է միայն «Յուքոմը», ամենայն հավանականությամբ այդ ընկերությունն էլ կճանաչվի հաղթող, եթե ապահովի մրցութային պայմանները՝ վճարի նվազագույն գումարը։

Մրցույթում հաղթող ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման լիցենզիան տրվելու է տասը տարի ժամկետով։

Ըստ ՀԾԿՀ-ի մրցույթի պայմանների՝ հաղթող ընկերությունը մեկ տարվա ընթացքում Երևան քաղաքում և հարակից հիմնական համայնքներում պետք է ապահովի լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ։ Երկու տարվա ընթացքում նման ծածկույթ պետ է ապահովվի Հայաստանի միջպետական մայրուղիների, ինչպես նաև բնակավայրերի առնվազն 80%-ում։ Ընդ որում, ծածկույթը պետք է ներառի Սևան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան քաղաքների տարածքները, Երևան քաղաքը Դիլիջան, Ծաղկաձոր և Սևան քաղաքներին միացնող մայրուղիներն ամբողջությամբ, ինչպես նաև Երևան քաղաքը Ջերմուկ քաղաքին միացնող մայրուղու 95%-ը։

Ծառայության կոմերցիոն մեկնարկը պետք է տրվի ոչ շուտ, քան 2015թ. հունվարի 1-ը, իսկ մինչ այդ ընկերությունը, ցանցի կառուցման ընթացքում, էլեկտրամագնիսական համատեղելիությունն ապահովելու նպատակով պետք է համագործակցի Պաշտպանության նախարարության հետ։

Նշենք, որ «Յուքոմ» ընկերությունը ներկայում օպտիկամանրաթելային մալուխային ցանցով մատուցում է ինտերնետ հասանելիության, ինչպես նաև թվային հեռախոսակապի ու թվային հեռուստատեսության ծառայություններ։

Մեկնաբանել