Վրացիների մեծ մասը բացասական է գնահատում Իվանիշվիլիի քաղաքականությունից հեռանալու մտադրությունը. NDI-ի հարցում

Վրացիների 71%-ը բացասական է գնահատում վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունից հեռանալու մտադրությունը, և միայն 18%-ն է հավանություն տալիս նրա այս ցանկությանը: Այս մասին են վկայում ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) պատվերով անցկացված հարցման տվյալները, հաղորդում է վրացական civil.ge-ն:

Հարցումն անցկացվել է օգոստոսի 18-ից սեպտեմբերի 3-ը՝ ամբողջ Վրաստանի մասշտաբով, որի 3838 մասնակիցները պատահաբար են ընտրվել: Հարցումը ֆինանսավորել են Շվեդիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (Swedish International Development Cooperation Agency, SIDA) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (Caucasus Research Resource Center, CRCC): Այն հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ վերջին հարցումն է և արտացոլում է վրաց հասարակության վերաբերմունքը մի շարք ընթացիկ, տնտեսական-քաղաքական խնդիրներին՝ մասնավորապես ազգային և տեղական, ժողովրդավարությանը, ընտրություններին, արտաքին հարաբերություններին, մեդիային և այլ հարցերին առնչվող խնդիրներին: Քաղաքական հարցերի արդյունքների մի մասը կհրապարակվի սեպտեմբերի 26-ին:

Ռուս-վրացական ներկայիս հարաբերություններից դժգոհ վրացիների թիվն ավելացել է կազմելով մինչև 70%՝ մարտյան 49%-ի համեմատ: Ներկայիս հարաբերություններից գոհ է հարցման մասնակիցների 23%-ը: Վրացիների մեծ մասը կողմ է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն ինտեգրմանը՝ համապատասխանաբար հարցվածների 73% և 81%-ով: Սոչիի Օլիմպիադային Վրաստանի մասնակցությանը կողմ է հարցվածների 76%-ը, դեմ է 11%-ը: Վրացիների մեծ մասը Ռուսաստանի մեջ շարունակում է սպառնալիք տեսնել: Հարցման մասնակիցների 33%-ի կարծիքով՝ Ռուսաստանը իրական և ռեալ սպառնալիք է համարում, իսկ 36%-ը կարծում է, որ Ռուսաստանը սպառնալիք է Վրաստանի համար, սակայն դա չափազանցված է:

Հարցման մասնակիցները նշել են Վրաստանում ազատ և արդար ընտրություների անցկացման երեք հիմնական խոչընդոտները: Նրանց կարծիքով հիմնական խոչընդոտը ընտրողներին կաշառելն է: Ընդ որում՝ այս տեսակետի կողմնակիցների թիվը մարտյան հարցումների համեմատ ավելացել է 3%-ով: 27%-ը հիմնական մյուս խնդիրը համարում են թերի ընտրացուցակները: Երրորդ հիմնական խոչընդոտը, ըստ հարցվածենրի 21%-ի, հանուն սեփական աշխատանքի պահպանման քվեարկություն ն է:

Հարցման մասնակցիների միայն 11% -ն է կարծում, որ իր վիճակը 2012թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո բարելավել է: 14%-ը վիճակի վատթարցում է արձանագրում:

Առավել կարևոր ազգային խնդիրները վրացիների համար աշխաատեղերի ստեղծումն է: Այն ամենակարևոր խնդիր է համարում վրացիների 63%-ը: Նրանց կարծիքով՝ այս հարցում իրավիճակը 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո չի փոխվել, և 54%-ը նշել է, որ աշխատատեղերի թիվը դրանից հետո երկրում չի փոխվել:

Մյուս կարևոր ազգային խնդիրներից վրացինեը համարում են տարածքային ամբողջականության հարցը (35%) և բժշկական ծառայությունների հասանելիությունը: (29%).

Վրաստանի քաղաքացիներին առավել մտահոգող ներքին հարցը կոմունալ ծառայությունների բարձր արժեքն է: Այսպես կարծում է հարցվածների 46%-ը:
Ուշագրավ է, որ հարցվածենրի միայն 3%-ն է լիովին վստահ, որ Վրաստանը հիմնականում ճիշտ ուղղությամբ է զարգանում: 36%-ը կարծում է, որ երկրում որևէ բան չի փոխվում, և 13%-ը նշել է, որ Վրաստանը սխալ ուղղությամբ է զարգանում:

Մեկնաբանել