Բելառուսը կաջակցի Հայաստանին` Մաքսային միությանն անդամակցելու հարցում

Աշխատանքային այցով Սոչիում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին մինչ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանի մեկնարկը հանդիպում է ունեցել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ բարձր մակարդակի հաճախակի հանդիպումները, երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությունն զգալիորեն նպաստում են միջպետական հարաբերությունների օրակարգի հարստացմանը փոխշահավետ բոլոր ուղղություններով:

Հայաստանի և Բելառուսի նախագահները գոհունակությամբ են նշել, որ մի քանի ամիս առաջ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածությունների որոշակի մասն արդեն իրականացվել է, իսկ մի մասն էլ իրագործման ընթացքի մեջ է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցությունից հետո միության անդամ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարին: Կողմերը քննարկել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում Բելառուսի աջակցությանը վերաբերող հարցեր:

Հայաստանի և Բելառուսի նախագահները հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել են նաև Բելառուսում հայ համայնքի դերը: