Ասադը չի վախենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «արևմտյան» բանաձևից

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը չինական CCTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտահոգ չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Արևմտյան երկրների կողմից առաջարկվող բանաձևի նախագծի կապակցությամբ։

Ասադը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան պարզապես փորձում են իրենց հաղթող դարձնել երևակայական թշնամի Սիրիայի դեմ պատերազմում»։ Նա նաև նշել է, որ «Ռուսաստանն ու Չինաստանը դրական դեր են խաղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ երաշխավորելով, որ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու ոչ մի պատրվակ չի ստանա Խորհրդի հավանությունը»։

Չինական հեռուստաալիքի հետ հարցազրույցում Սիրիայի նախագահը ևս մեկ անգամ հաստատել է Դամասկոսի պատրաստակամությունը սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու հարցում։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե չի խանգարի արդյոք երկրում տիրող իրադրությունը քիմիական զենքի ոչնչացման գործընթացին, Ասադն ասել է․ «Կարծում եմ՝ ոչ։ Մենք չենք տեսնում որևէ խնդիր, սակայն ինչպես ես արդեն ասել եմ, ահաբեկիչները կարող են կատարել ինչ-որ երկրների հրահանգներ և հարձակումներ իրականացնել տեսուչների վրա, որպեսզի թույլ չտան նրանց կատարել իրենց աշխատանքը՝ դրա պատասխանատվությունը գցելով Սիրիայի կառավարության վրա»։

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրին Սիրիայի վերաբերյալ բանաձևի իրենց նախագիծը։ Ավելի ուշ ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը հայտարարեց, թե Միացյալ Նահանգները ձգտելու է, որ Սիրիայի հարցով բանաձևը կազմվի՝ համապատասխան ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի, որը թույլատրում է ուժի կիրառման հնարավորություն, որին բացահայտ դեմ է հանդես գալիս Ռուսաստանը։

Արևմուտքը վստահ է, որ պաշտոնական Դամասկոսն է կանգնած օգոստոսի 21-ին երկրի մայրաքաղաքի արևելյան արվարձանում՝ Ղուտայում, քիմիական զենքի կիրառման հետևում։ Ռուսաստանը կարծում է, որ դրա ապացույցներ չկան։