Էթիկայի հանձնաժողովը վարույթ չի հարուցի Հերմինե Նաղդալյանի նկատմամբ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը մերժել է ԹԻՀԿ-ի դիմումը` քննարկել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի վերաբերյալ դիմումը:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Էթիկայի հանձաժողովը մերժել է Հերմինե Նաղդալյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման և ուսումնասիրության նպատակով վարույթ հարուցելու մասին ԹԻՀԿ դիմումը՝ այն պատճառաբանությամբ, որ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, հանձնաժողովը ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն չունի (հոդված 43):

Սակայն հանձնաժողովի կողմից վկայակոչված օրենքի համապատասխան հոդվածը վերաբերում է շահերի բախման բացահայտման նպատակով վարույթի հարուցմանը, մինչդեռ ԹԻՀԿ-ն հայցել էր ոչ թե շահերի բախման բացահայտում, այլ հայտարարագրերի վերլուծություն և համադրում և դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

ԹԻՀԿ-ն հայցել էր նաև ստանալ հանձնաժողովի պաշտոնական դիրք որոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցության վերաբերյալ, ինչին հանձնաժողովը տվել է խուսանավող պատասխան՝ վկայակոչելով օրենսդրական կարգավորման «բավարար հստակությունը»:

Միաժամանակ տեղեկացնենք, որ Հերմինե Նաղդալյանի կողմից օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելը որպես ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնների խախտում ճանաչելու համար ԹԻՀԿ դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով»: