Քենիա․ ծուխ, պայթյուններ և հրաձգություն գրավված առևտրի կենտրոնում

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում սոմալիական «Աշ Շաբաբ» իսլամիստական խմբավորման անդամների կողմից գրավված Westgate առևտրի կենտրոնից ուժեղ ծուխ է բարձրանում, այնտեղից լսվում են պայթյուններ, և տեղի է ունենում կատաղի փոխհրաձգություն։ Հարձակման հետևանքով զոհվել է արդեն 69 մարդ, ևս 179 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Մեծ Բրիտանիայի Ֆորին օֆիսը հաստատել է, որ Westgate-ում չորս բրիտանացի է զոհվել։

Քենիայի ոստիկանության ղեկավար Դեյվիդ Կիմայոն Twitter-ում գրել է, որ գիշերվա ընթացքում իշխանություններին հաջողվել է ազատ արձակել ևս մի քանի պատանդի, և շենքում «շատ քչերն» են մնում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ պատանդների թիվը մոտ տասն է։

BBC-ի թղթակցի խոսքով՝ իրադրությունը շարունակում է անկայուն մնալ, և Westgate առևտրի կենտրոնի վերևում ուղղաթիռներ են պտտվում։ Պատանդների ազատ արձակման և առևտրի կենտրոնն իշխանությունների վերահսկողության տակ վերցնելուն ուղղված գործողությունն արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում է։

Շինության մեծ մասը անվտանգության ծառայությունների վերահսկողության տակ է, BBC-ին տված հարցազրույցում ավելի վաղ տեղեկացրել էր Քենիայի զինված ուժերի մամուլի խոսնակ, գնդապետ Սայրուս Օգունան։

«Աշ Շաբաբի» ներկայացուցիչը BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ կազմակերպության զինյալներն այս հարձակումը գործել են՝ ի պատասխան Սոմալիում քենիական զորքերի ներկայության։

Westgate առևտրի կենտրոնի վրա իրականացված հարձակումը Քենիայում ամենաարյունալի ողբերգությունն է 1998-ից ի վեր, երբ Նայրոբիում ամերիկյան դեսպանատան պայթյունի հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ։

Westgate-ի վրա հարձակումը սկսվել է սեպտեմբերի 21-ին։ Զինյալները ներխուժել են առևտրի կենտրոն՝ նետելով նռնակներ և կրակելով ինքնաձիգներից։

Այդ պահին այնտեղ մանկական տոնախմբություն է եղել։ Հաղորդվում է, որ զոհվածների մեջ կան երեխաներ։

Ականատեսների խոսքով՝ հարձակում գործածները հնարավորություն են տվել մուսուլմաններին լքելու շինությունը՝ հայտարարելով, որ պայքարում են միայն «անհավատների» դեմ։

BBC-ի թղթակիցը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ հարձակում գործածրներից մեկը կին է եղել։

Քենիայի իշխանությունները BBC-ին պատմել են, որ հարձակումն իրականացրածներից հինգին հաջողվել է ձերբակալել, նրանցից մեկն ավելի ուշ մահացել է ստացած վնասվածքներից։

Հայտնի է, որ զոհվածների մեջ կա Ֆրանսիայի երկու քաղաքացի և երկու կանադացի, այդ թվում՝ մեկ դիվանագետ։

Անվտանգության ոլորտի փորձագետները վաղուց նախազգուշացրել են, որ մասամբ իսրայելցիներին պատկանող Westgate առևտրի կենտրոնը կարող է ահաբեկիչների համար հարձակման թիրախ դառնալ։

Մեկնաբանել