Գերմանական նոր խորհրդարանը կունենա թուրքական ծագում ունեցող 11 պատգամավոր

Թուրքական ծագում ունեցող տասնմեկ օրենսդիր սեպտեմբերի 22-ին Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միությունից» անցել է մեկ, Մերկելի գլխավոր մրցակից Պեեր Շտայնբրյուկի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից՝ հինգ, Կանաչների կուսակցությունից՝ երեք և Die Linke ծայրահեղ-ձախ կուսակցությունից՝ երկու թուրքական ծագում ունեցող օրենսդիր:

Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը սեպտեմբերի 22-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 42%-ը: Ի դեպ՝ սա կուսակցության ամենահամոզիչ հաղթանակն է 1990թ. ի վեր, սակայն Մերկելին հնարավորություն չի տալիս խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ձևավորել: ՔԴՄ-ի մրցակից Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 26%-ը:

Բունդեսթագն ունի 622 տեղ: Գերմանական օրենքների համաձայն՝ ձևավորված խորհրդարանը կընտրի երկրի փաստացի առաջնորդին՝ կանցլերին:

Մեկնաբանել