Եգիպտոսում դատարանն արգելել է «Մուսուլման եղբայրների» գործունեությունը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում վարչական դատարանն արգելել է իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունը, հաղորդում է Reuters-ը։

Դատարանը վերանայում էր շարժման՝ այս տարվա մարտին ստացած ոչ կառավարական կազմակերպության կարգավիճակը։

Համաձայն դատարանի որոշման՝ իսլամիստների բոլոր ակտիվները պետք է առգրավվեն, հաղորդում է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը։

Զինվորականների գլխավորած ժամանակավոր կառավարությունը սկսեց ճնշել «Մուսուլման եղբայրների» գործունեությունը այս տարվա հուլիսի 3-ին Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիին (որը նույնպես «Մուսուլման եղբայրների» անդամ է) պաշտոնանկ անելուց հետո։

Շարժման տասնյակ ազդեցիկ ֆիգուրներ, այդ թվում՝ նրա առաջնորդ Մուհամադ Բադիը, ձերբակալվեցին բռնություն և սպանություն հրահրելու կասկածանքով։

Նախագահի պաշտոնում Մուրսիի վերականգնումը պահանջող հարյուրավոր մարդիկ, որոնց մեծ մասը «Մուսուլման եղբայրների» անդամներ էին, սպանվեցին օգոստոսին բանակի հետ բախումներում։ Զինվորականները ցույցերի ցրումը բացատրում են «ահաբեկչության դեմ պայքարով»։

«Մուսուլման եղբայրները» Եգիպտոսի հնագույն և խոշորագույն իսլամիստական կազմակերպությունն է, որը հիմնվել է 1928թ․։ Այն օրենքից դուրս է եղել իր 85-ամյա գործունեության մեծ մասի ընթացքում։

Մեկնաբանել