Սերժ Սարգսյանը դժգոհ է ԼՂ խնդրի հետ կապված` ՀԱՊԿ որոշ երկրների հայտարարություններից

Հայաստանը ճիշտ չի համարում, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ առանձին պետություններ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ այնպիսի հայտարարություններ են անում, որոնք ներդաշնակ չեն կազմակերպության որոշումների հետ. ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», սեպտեմբերի 23-ին Սոչիում` ՀԱՊԿ Խորհրդի նիստում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ի հեճուկս մեր կողմից ընդունած որոշումների ոգու` ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ այլ հարթակներում և կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ հանդես են գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք չեն համապատասխանում ՀԱՊԿ ընդունած որոշումներին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Բնական է, որ մի շարք երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն, սակայն մենք չենք կարող որևէ կերպ համաձայնել, երբ այդ հարաբերությունները հանգեցնում են այնպիսի փաստաթղթերի ընդունման, որոնք դեմ են ՀԱՊԿ անդամ-երկրների շահերին և ՀԱՊԿ-ի համբավին»,- հավելել է նախագահը:

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ մի շարք փաստաթղթերում, մասնավորապես` 2012թ. ընդունված Մոսկովյան հայտարարության մեջ նշվում է, որ «ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, մասնավորապես` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության հիման վրա»:

«Վերջին տարիներին ընդունվել են փաստաթղթեր (ՀԱՊԿ անդամ որոշ երկրների մասնակցությամբ), այդ թվում` նախագահների մակարդակով, որոնցում ընտրովի, ի վնաս այլ սկզբունքների, առանձնացվում է տարածքային ամբողջականության սկզբունքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների նման դիրքորոշումը հատկապես անընդունելի է «Ադրեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության ֆոնին, երբ վերջինս մշտապես սպառնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կիրառել»:

Միաժամանակ` Սերժ Սարգսյանը նշել է, որ «չնայած որոշ թերությունների` ՀԱՊԿ-ի շրջանակում մեզ հաջողվել է հասնել դրական արդյունքների»:

«Մեր աշխատանքի արդյունավետության և մեր կազմակերպության համբավի հետագա բարձրացումն անմիջականորեն պայմանավորված է մեր արտաքին քաղաքական գործունեության համակարգման մակարդակով»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նախագահաը նաև հաստատել է «տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության աջակցման գործում մեծ ներդրում ունեցող Համագործակցության Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու Հայաստանի հետաքրքրվածությունը»: Նա նշել է, որ այս հարցում ակնկալում եմ ՀԱՊԿ անդամ երկրների աջակցությունը:

ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:

Մեկնաբանել