Սիրիայում «Իրաքի և Շամի իսլամական պետության» հրամանատարներից է սպանվել

Սիրիայի հյուսիս-արևմուտքում սեպտեմբերի 22-ին սպանվել է «Ալ Կաիդյաի» հետ կապեր ունեցող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման առաջատար հրամանատարներից Աբու Աբդալլահ ալ Լիբին, հաղորդում է «Ալ Արաբիյա» հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել Իդլիբում։ Ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակը, որը վերոնշյալ խմբավորման հետ ակտիվ դիմակայության մեջ էր մտել Ազազ քաղաքում անցյալ շաբաթվա ընթացքում, հերքում է իր պատասխանատվությունը։ Տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իդլիբ նահանգի մեծ մասը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ է։ Սեպտեմբերին Սիրիայում հաճախակիացել են «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման իսլամիստների և Սիրիայի ազատ բանակի (որը վայելում է Արևմուտքի աջակցությունը) ապստամբների միջև բախումները՝ պայմանավորված գաղափարախոսական տարաձայնություններով։

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։