Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 23-ին Սոչիում մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի 2012թ. դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։

Նիստին հավանություն են տրվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված փաստաթղթերի նախագծերին, մասնավորապես՝ ՀԱԽ նստաշրջանի կոմյունիկեին, մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների ծրագրին, ինչպես նաև սիրիական և դրա շուրջ իրավիճակի վերաբերյալ ՀԱԽ հայտարարության նախագծերին։

Նիստի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնայնությունները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակում արձանագրված արդյունքների մասին։

Նիստի մասնակիցները համաձայնեցրել են կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Մեկնաբանել