Դինքի դատավարության վերսկսումը ներքաղաքական պայքարի ազդանշա՞ն

2007թ. սպանված` «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի դատավարությունն առաջին իսկ օրվանից կարծես թե Թուրքիայի արդարադատության, զինվորական, քաղաքացիական բյուրոկրատիայի և քաղաքական կառույցների ծաղրանքին արժանացավ: Թուրքիայի կառավարությունը սպանությունից ընդամենը մի քանի ժամ հետո հանդես եկավ հայտարարությամբ. «Այս փամփուշտը ոչ թե ուղղված էր Հրանտ Դինքի, այլ Թուրքիայի և երկրի ժողովրդավարացման գործընթացի դեմ»:

Այս խոսքերը շատ տեղին էին. Դինքն իսկապես պայքարում էր Թուրքիան վերափոխելու համար:

Դինքի մահից անմիջապես հետո Հայաստանում և Սփյուռքում սունկի նման սկսեցին աճել տարբեր հասարակական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, որոնք գովերգում են Հրանտ Դինքին և պատմում նրա ասպետական գործունեության մասին: Այնինչ դեպքերին քաջածանոթները լավ գիտեին, որ Հրանտը, երբ գալիս էր Երևան, նրան հանդիպում էին շատ քիչ թվով մարդիկ, որոնք չէին խուսափում և «վտանգ» չէին տեսնում նրա հետ շփման մեջ:

Այս օրերին կրկին ի հայտ են գալիս Հրանտի դասընկերները, նարդիի ընկերները, դասընկերները, քավորները, սանիկները ու նույնիսկ նրա հետ վեց տարեկանում գնդակ «տշած» մեկը: Նման անձնական զավզակություններին երբեմն նույնիսկ գիտական աստառ է տրվում` «Դինքի ներդրումը հայ մտավորական աշխարհում», «Դինքի փիլիսոփայությունը», «Դինքը` որպես հայ գրող և հրապարակախոս»:

Դինքին հասկանալու համար պետք էր նրան ճանաչել, կարդալ նրա գրածները, լսել նրա ասածները:

Դինքը Թուրքիայի մտավորական էր: Նա` բացի երիտասարդական տարիներին հրատարակած մի քանի հայերեն հոդվածներից, մշտապես գրում էր թուրքերեն: Հրանտի նպատակը Թուրքիան փոխելն էր, թուրքերին փոխելն էր, ազատ Թուրքիան էր, որ կկարողանար իր անցյալի հետ հաշտվել, որի մութ էջերից մեկը Ցեղասպանությունն էր:

Դինքը թուրք հասարակության լայն շերտերին ներկայացրեց հայկական խնդիրը նորովի, մարդկայնորեն ընկալելի, հեռու քաղաքականությունից` միևնույն ժամանակ զգուշորեն առաջ տանելով այն միտքը, որ հայկական «բեռից» ազատվելու լավագույն տարբերակը Հայոց Ցեղասպանսւթյան ճանաչումն ու դատապարտումն է Թուրքիայի ներսում և դրա ուղիների որոնումը: Նրա թիրախը թուրքի խիղճն էր, որը, Հրանտի համոզմամբ, դեռ առկա էր…

Դինքը Թուրքիայի արժեքն էր, Անատոլիայի: Իր երազած երկիրն Անատոլիան էր, որտեղ հնարավոր կլիներ հայերով, քրդերով, թուրքերով ազատ ապրել: Կարճ ասած, Հրանտը նոր Թուրքիայի գաղափարական զինվորն էր: Նրա նպատակակետը Թուրքիայի բոլոր փոքրամասնությունների և ճնշված ազգերի հետ միասին հայերի ազատ ապրելն էր և իրենց մշակույթը հենց Թուրքիայում կենդանի պահելը: Հրանտի Հայաստան-Թուրքիա մերձեցմանն ուղղված ջանքերը նաև ուղղված էին Թուրքիայի հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալու քաղաքականությանը:

Թուրքիայի կառավարությունը փորձեց Դինքի սպանությունը չխառնել «խորքային պետության» գործունեության շրջանակին: Դատարանը մոտ հինգ տարի «չկարողացավ» սպանության և գաղտնի կազմակերպության մեջ որևէ կապ գտնել: Դատարանից «կորան» անհրաժեշտ ձայնագրությունները: Թուրքիայում բազմաթիվ գրքեր հրատարակվեցին, գիտական աշխատանքներ գրվեցին և հասարակության մեջ բարձրաձայնումներ եղան, որոնք բացահայտում էին պետության և «խորքային պետության» առնչությունները: Կառավարությունը, որ երդվել էր բոլոր մեղավորներին գտնել և պատժել, չպահեց խոստումը` բավարարվելով միայն անմիջական կատարողներով: Վերջին տարիներին սկսեց շեշտվել, որ իրենց կառավարման շրջանում չեն եղել չբացահայտված սպանություններ:

Կառավարության այս կեցվածքը և դատավարության ընթացքը Դինքի ընտանիքի կողմից ընկալվում է որպես Դինքի հիշատակի դավաճանություն: Նրանք հայտարարել են, որ վերսկսված դատավարության նիստերին չեն մասնակցելու: Գաղտնիք չէ, որ Դինքի սպանության կամ դրա չկանխելու մեջ ունեցած դերն ապացուցված ոստիկանության, անվտանգության և պետական կառույցների աշխատակիցների պաշտոնի բարձրացումները, ամենաշատը ցավեցնում էին Դինքի մերձավորների սրտերը:

Դինքի դատավարության իրավաբան Ֆեթհիյե Չեթինը վերջերս հրատարակել է «Ամաչում եմ» վերնագրով աշխատությունը, որում նորովի լուսաբանվում են դատավարության մութ մնացած մասերն ու ընթացքը: Չեթինի գիրքն ընթերցելով` արմատանում են այն կասկածները, որ Դինքի սպանությունը թուրքական «խորքային պետության» և անվտանգության կառույցներից ավելի խոր արմատներ ունի: Չի բացառվում, որ Դինքի դատավարության վերսկսումը Էրդողանի կողմից էլ ավելի խորքային կառույցի դեմ պայքարի ազդանշան է:

Տեսնենք…..

Չեթինի գրքի կարևորագույն եզրահանգումները կփորձեմ ներկայացնել և լուսաբանել հաջորդ սյունակում:

Մեկնաբանել