Սերժ Սարգսյանը շնորհավորել է Անգելա Մերկելին

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ ԳԴՀ Բունդեսթագի ընտրություններում նրա ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Քրիստոնեա-դեմոկրատների՝ թվով երրորդ անընդմեջ հաղթանակը միանգամայն սպասելի էր. Ձեր իմաստուն ղեկավարությամբ Գերմանիան համաշխարհային մարտահրավերների այս դժվարին շրջափուլում ոչ միայն չընկրկեց ու շարունակեց վերելք ապրել, այլև օգնության ձեռք մեկնեց հարևան և բարեկամ մի շարք պետությունների՝ առավել բարձրացնելով իր հեղինակությունն ու վարկը միջազգային ասպարեզում:

Միաժամանակ, այս ընտրությունների արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը փաստեց, որ Դուք` Ձեր մասնագիտական բարձր կարողությունների, երկարամյա համառ ու նպատակասլաց աշխատանքի և մարդկային բարձր որակների շնորհիվ, շարունակում եք վայելել գերմանացի ժողովրդի վստահությունը:

Համոզված եմ, որ դաշնային կառավարությունը Ձեր գլխավորությամբ կշարունակի հանձնառու լինել փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-գերմանական հարաբերությունների շարունակական զարգացմանը, ինչում Հայաստանը խորապես շահագրգիռ է:

Որպես Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար` մեծապես արժևորում եմ նաև մեր ղեկավարած կուսակցությունների միջև առկա համագործակցությունը և կապերի հետագա խորացումը` հատկապես ԵԺԿ շրջանակում:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին` կայուն առաջընթաց և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո տիկին Մերկել, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու նրա գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցությունը սեպտեմբերի 22-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել են ձայների մեծամասնությունը: ՔԴՄ-ի օգտին քվեարկել է ընտրողների 42%-ը: